

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունում այսօր նոր ծրագրի մեկնարկ է տրվել: Մասնավորից պետական կառույց տեղափոխված Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ՝ ներդրողները կաջակցեն ՏՏ ոլորտի սկսնակ երիտասարդներին: Դաշտն ուսումնասիրել են ու պարզել, որ շատ հաճախ գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտի երիտասարդներն ունեն փայլուն գաղափարներ, սակայն, ֆինանսավորում չունեն՝ դրանք կյանքի կոչելու համար:
«Ոստիկան հրեշտակների» կողքին շուտով գուցե «բիզնես հրեշտակներ» էլ հայտնվեն: Սա միջազգային պրակտիկայում ընդունված ինստիտուտ է: «Բիզնես հրեշտակներ»-ը մարդիկ են, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել և աջակցել նոր բիզնես գաղափարների հեղինակներին՝ սկսնակներին, ովքեր գաղափարներ ունեն, սակայն, գումար չունեն:
ՏՏ ոլորտի երիտասարդների համար հիմնադրամ կստեղծվի՝ 200 հազար դոլար նախնական դրամագլխով: Ներդրողները ՏՏ ոլորտում հայտնի Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանն են։ Վերջինս, ի դեպ, արդեն համաշխարհային ճանաչում ունեցող «ZANGI» հավելվածի բաժնետերերից է: Խոստովանում են՝ այժմ իրենք կօգնեն երիտասարդներին, իրենց վրա կվերցնեն բոլոր ռիսկերը, հետագայում նրանց գաղափարների բաժնեմասերը կստանան: Հետո գուցե դրանք վաճառեն ու ներդնեն այլ գաղափարների մեջ: Նախագծին մասնակցելու հայտարարությունը պատրաստ է, մինչև ապրիլի 13- ն ընդունվում են հայտեր: Հայտարարությունը տեղադրված է globalcredit.am կայքէջում: ֆինանսավորման առաջին փուլի համար կընտրվի տասը նորարարական գաղափար:
Ընտրությունը կկատարեն ոլորտի 12 մասնագետները: Սկսնակները կստանան նաև խորհրդատվություն, կօգտվեն հայտնի ընկերությունների կապերից:
Աշխարհին հայտնի «Microsoft», « Google» ընկերություններն էլ իրենց գործունեությունը սկսել են բիզնեսներ հրեշտակների միջոցով՝ վստահեցնում են նախաձեռնողները:




