Մշակույթ

ՍԻՆԵՄԱ կենտրոն. նոր կինոդպրոց՝ երիտասարդների համար

Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում  այսօր բացվեց  շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը, որը պատրաստելու է կինոյի և հեռուստատեսային մասնագետներ, մատուցելու է կինո և հեռուստատեսային արտադրական ծառայություններ։

 

Մշակութային, կրթական, արդյունաբերական ոչ կոմերցիոն այս նախագիծը կայացել է հիմնադիրների և աջակիցների միջոցներով: Կենտրոնն իրականացնելու է կինո և հեռուստատեսային ոլորտին անհրաժեշտ, տեսական և գործնական գիտելիքներ ունեցող մասնագետների պատրաստում, կինո և հեռուստատեսային ծառայությունների մատուցում` արտադրական ողջ շղթայով. մտահղացման մշակումից մինչև արտադրության ավարտ, ցուցադրում և տարածում:

ՍԻՆԵՄԱ կենտրոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ասում է, որ կենտրոնում կգործի ACTION կինոդպրոցը, որի նպատակը պրոդյուսերների, ռեժիսորների, սցենարիստների պակասը Հայաստանի կինոարտադրության և հեռուստատեսային ոլորտներում լրացնելն է։ «Գերնպատակն այն է, որպեսզի կարողանանք այստեղ հավաքել մարդկանց, ովքեր նոր  շնչառություն կհաղորդեն հայկական կինոյին: Երիտասարդներն այստեղ կստանան ակադեմիական կրթություն՝ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ և  պրոդյուսինգ մասնագիտությունների գծով: Եվրոպական կինոյի ժամանակակից  մեթոդները փորձելու ենք կիրառել այստեղ:  Տարեվերջին դուք կծանոթանաք այն ֆիլմերին, որոնք արտադրվել են ACTION կինոդպրոցում»:

Մեծ ուշադրություն ենք  դարձնում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը՝ ասում է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ «Իհարկե,  նախարարությունը չի հավակնում ստանձնել կրթական գործառույթներ, բայց վերապատրաստման առումով, իսկապես, կան խնդիրներ, որոնք պետք է լուծել»,- նշում է։ Նրա խոսքով՝ նորաբաց կինոդպրոցը պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ կարելի է համարել։

«Ազգային կինոկենտրոնում մենք ունեինք ստուդիա, որտեղ սովորում էին 12 երիտասարդներ: ՍԻՆԵՄԱՆ ոչ պետական նոր նախաձեռնություն է, որի հնարավորություններն ու կրթական ժամանակակից  մեթոդները հաշվի առնելով, համագործակցության լուրջ հեռանկարներ ենք տեսնում: Չի բացառվում, որ այս կենտրոնը կդառնա  Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստորաբաժանումներից մեկը»:

Ի թիվս մի շարք շնորհակալությունների՝ Հովհաննես Գալստյանն իր շնորհակալությունը հայտնեց նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով, նրա ձևակերպմամբ, նոր շունչ է հաղորդել կինոդպրոցի ստեղծման գաղափարին:

Նախագծի հեղինակն է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը: Գործընկերների և աջակիցների թվում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը», Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Նոր Նորքի թաղապետարանը:

Կարդացեք նաև

Back to top button