

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ:
«Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել, և այդ հրապարակն ու հարթակը ստեղծել, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել նաև Կադաստրի պետական կոմիտեին և Տնտեսական զարգացման նախարարությանը՝ բիզնես ոլորտի գործառույթները պարզեցնելու նպատակով:
Կարեն Կարապետյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ հանրային ծառայությունների վերաբերյալ, մասնավորապես, երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով տրամադրելու համար:
Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանին հանձնարարվեց՝ համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մոնիտորինգի ենթարկել բիզնեսի ՝ հանրային ծառայությունների միացման գործընթացը:
«Անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ հանրային ծառայություններին միանալու խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ»:
« Մենք պետք է մեր երկրում ունենանք օն-լայն ռեժիմով հնարավորություն, որպեսզի կամայական քաղաքացին, կամայական բիզնեսը կամայական տեղից հնարավորություն ունենա տեղեկանալու՝ այս կամ այն վայրում կա՞ հնարավորություն, ենթակառուցվածքներ բիզնես ստեղծելու համար, թե ոչ: Դա վերաբերում է գազին, ջրին, էլեկտրաէներգիային և մնացած բոլոր տեղեկատվություններին: Կադաստրին առաջարկում ենք մատակարար ենթակառուցվածքների բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել, գուցե իրենք ևս մասնակցեն ֆինանսապես, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի լինի»:




