Մշակույթ

Ջուղայի ավերված գերեզմանոցը կներկայացվի 3D ձևաչափով Սիդնեյում

alisagevorgyan

Ջուղայի վերականգնված գերեզմանոցը 3D ձևաչափով մշտական ցուցադրությամբ կներկայացվի Սիդնեյում, ինչպես նաև Երևանի ցեղասպանության թանգարան ինստիտուտում` այսօր տեղեկացրել է հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը: Հիշեցնենք, որ 1998- 2006 թվականների ընթացքում Նախիջևանի տարածքում ավերվել է հայկական գրեթե ողջ նյութական ժառանգությունը, այդ թվում՝ տասնյակ վանքեր, եկեղեցիներ, Ջուղայի գերեզմանատան շուրջ 5000 խաչքարեր, ընդհանուր թվով ՝  23 հազար հայկական հուշարձաններ: Լրագրողների հետ հանդիպմանը Արգամ Այվազյանն այսօր անդրադարձել է նաև Հայկական հուշարձանների պահպանության գործառույթը մշակույթի նախարարությունից քաղաքաշինության նախարարությանը հանձնելու կառավարության վերջին որոշմանը:

 

<<Ջուղայի  խաչքարերի ու ողջ Նախիջևանի հուշարձանների ոչնչացման հանդեպ Հայաստանը ցուցաբերեց բացառիկ անտարբերություն և առ այսօր ոչ իրավական, ոչ էլ անգամ բարոյական տեսանկյունից չի կարողացել  պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին վանդալիզմի համար>>,- ասում է հայագետ, նախիջևանագետ  Արգամ Այվազյանը, նաև հավելում է, որ կառավարությունը նույն անտարբերությունն է ցուցաբերել նաև Նախիջևանի վերաբերյալ աշխարհում թերևս եզակի փաստագրական նյութի հանդեպ, որը տարիների ընթացքում հավաքել է հենց ինքը՝ Այվազյանը:

Արգամ Այվազյանի արխիվային նյութերի հիման վրա եռաչափ ծրագրով կվերականգնվի Հին Ջուղայի գերեզմանատունը: Սեպտեմբերի 23- ին Հռոմում կայացած գիտաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ծրագրի շնորհանդեսը: Արգամ Այվազյանի տեղեկացմամբ`  նախագիծն իրականացնելուց հետո 3D ձևաչափով Ջուղայի վերականգնված գերեզմանոցը մշտական ցուցադրությամբ կներկայացվի Սիդնեյում, ինչպես նաև Երևանի ցեղասպանության թանգարան ինստիտուտում:

Հայկական հուշարձանների պահպանության գործառույթը մշակույթի նախարարությունից քաղաքաշինության նախարարությանը հանձնելու կառավարության վերջին որոշման առնչությամբ ևս գիտնականն այսօր ասելիք ուներ: Հուշարձանների պահպանության կուռ ու կայացած համակարգը, ըստ Այվազյանի, գործել է նաև խորհրդային տարիներին, ինչը  շարունակվել է մինչև 90-ականների սկիզբը: Հուշարձանների պահպանության վարչությունը 95 թվականին հայտնվեց  մշակույթի նախարարության ենթակայության ներքո՝ մի քանի տարի անց վարչությունից վերածվելով, Այվազյանի ձևակերպմամբ, իրավական որևէ կշիռ չունեցող գործակալության:

Արգամ Այվազյանն առաջարկում է պատմական էքսկուրս կատարել, հասկանալու համար, թե արժե՞ր ի վերջո հուշարձանների պահպանության գործը վստահել մշակույթի նախարարությանը, թե՝ ոչ։ Արգամ Այվազյանը հեռու չի գնում, Վրաստանի, անգամ Ադրբեջանի  փորձն է մատնանշում, որոնց մայրաքաղաքներում սրբորեն պահպանվում է հին քաղաքի պատմամշակութային միջուկը: Հուշարձանների պահպանման գործառույթն օր առաջ  մշակութային գերատեսչությունից օտարելու կողմնակից գիտնականն, այդուհանդերձ, հավելում է՝ գործառույթի տեղափությունից ոչինչ չի փոխվի, եթե խնդրի լուծման ուղղությամբ կառավարությունը համակարգված մոտեցում ու հետևողական աշխատանք չցուցաբերի։

 

Կարդացեք նաև

Back to top button