Վերլուծական

Ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂ խնդրի վրա ռուս- թուրքական նոր մերձեցումը

karenghazaryan

Մենք պետք է հանգիստ նայենք, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է ինչ-որ անդրադարձ ունենալ Արցախի հարցի կարգավորման վրա՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ թուրքագետի՝ նման ազդեցություն չի կարող լինել: Թուրքագետ Սարգիս Հացպանյանի համոզմամբ, մինչդեռ, ռուս-թուրքական հարաբերությունները կառուցվում են միայն հայերի հաշվին: Այդպես եղել է պատմության ընթացքում, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, Սարգիս Հացպանյանի ձեւակերպմամբ, մեզ համար արդեն «դեժավյու» է: 

 

Թուրքագետ Սարգիս Հացպանյանը համոզված է, որ ռուս-թուրքական մերձեցումը միշտ էլ կառուցվել է հայերի հաշվին: Նա հիշեցրեց պատմությունը՝ շեշտելով, որ այն, ինչ այսօր է տեղի ունենում մեզ համար պարզապես «դեժավյու» է։ «Մենք դա տեսել ենք Լենին-Աթաթուրք ժամանակահատվածում. ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ Արեւելյան Հայաստանի մի քանի գավառ կորցրել ենք: Հիմա ամեն ինչ դրված է Ղարաբաղի հարցի վրա, եւ ռուսները թուրքերի հետ «սիլիբիլի» են անում հայության լավագույն սերնդի, լավագույն տղաների արյան գնով ձեռք բերած հաղթանակների հաշվին: Սա ինձ համար ոչ թե կարծիք, այլ համոզմունք»,- ասում է։

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ մինչդեռ՝ ռուս-թուրքական այսօրվա մերձեցումը մի գործընթաց է, որն առաջին հերթին տեղի է ունենում առեւտրատնտեսական ոլորտում: Այս երկրները փորձ են անում հասնել առեւտրի այն մակարդակին, որ եղել է մինչեւ անցած տարվա նոյեմբերը՝ ռուսական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից: Նրանք սակայն դեռեւս չեն էլ մոտեցել այդ մակարդակին՝ նկատեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ երկու երկրների  աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում շատ դեպքերում ոչ միայն չեն համընկնում, այլ նույնիսկ հակադրվում են:

«Սա մեզ հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ ռուս-թուրքական մերձեցումն իրականում աշխարհաքաղաքական նշանակության գործընթաց չէ: Դա տեղական նշանակության որոշակի ոլորտի՝ տնտեսական ոլորտում տեղի ունեցող գործընթաց է»,- ասում է Սաֆրաստյանը։ Սրանից ելնելով՝ մենք պետք է հանգիստ նայենք այն բանին, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է ինչ-որ անդրադարձ ունենալ Արցախի հարցի կարգավորման վրա՝ հավելեց նա՝ կարծիք հայտնելով, որ նման ազդեցություն չի կարող լինել:

Թուրքագետ Սարգիս Հացպանյանի գնահատմամբ՝ սակայն Թուրքիան Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհին արդեն օգտագործել է Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված: Դրա ապացույցը ապրիլյան պատերազմն է:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Սիրիայի տարածք ներխուժելն ու ագրեսիայի դրսեւորումները Թուրքիայի կողմից երկարաժամկետ նպատակ են հետապնդում, հետեւաբար, նման պայմաններում Հարավային Կովկասում Թուրքիան իր ակտիվությունը թուլացրել է: Նրա խոսքով՝ այդ պատճառով չի կարծում, որ Հարավային Կովկասում տեղի ունենան գործողություններ, որոնք ցույց կտան Թուրքիայի ակտիվության նշաններ:

Արձագանքելով դիտարկմանը, որ Ադրբեջանը վերջերս արտոնեց Թուրքիային ռազմակայան ունենալ իր տարածքում, ինչն աննախադեպ երեւույթ է՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, թե դատելով մամուլի հրապարակումներից, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ թե իրական իմաստով ռազմակայանի մասին է, այլ այն տարածքների, որտեղ կան շենքեր, շինություններ, որոնցում թուրք սպաներն ուսուցում են անցկացրել ադրբեջանցիների համար:

Ամեն դեպքում, Թուրքիայի նման ներկայությունն Ադրբեջանում արդյո՞ք չի կարող թեւավորել Ադրբեջանին եւ չի մեծացնի պատերազմի վերսկսման ռիսկերը: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ «ներկայիս իրադրությունը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ, կարծես թե, Ադրբեջանն իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում՝ Արցախի հիմնահարցի կարգավորման բնագավառում, վերջին շրջանում դարձրել է ավելի զուսպ»։

Ռուբեն Սաֆրաստյանը չբացառեց, որ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Թուրքիան Ադրբեջանին չի դրդում ակտիվության, եւ Ադրբեջանն էլ լավ է հասկանում, որ նա զբաղված է ուրիշ խնդիրներով ու չի կարող իրեն առաջվա նման աջակցել: Ես կարծում եմ, որ մոտակա ամիսներին այս իրավիճակը կպահպանվի՝ եզրափակեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Կարդացեք նաև

Back to top button