

Օգոստոսին բանակցություններ տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը: «Գազետա.ռու»- ի փոխանցմամբ՝ հայտարարությունն արել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման տապալված փորձից հետո 13 հազար մարդ է ձերբակալվել: Ստամբուլում եւ Անկարայում ծավալված իրադարձությունների արդյունքում զոհվել է 246 քաղաքացի՝ չհաշված հեղաշրջման մասնակիցներին: 2 հազարից ավելի մարդ վիրավորվել է:
42 լրագրողի ձերբակալման հրահանգ է տրվել
Այսօր արդեն տեղեկացնում են, որ տապալված հեղաշրջման արդյունքում ձերբակալվածների մեջ կան նաեւ լրագրողներ: Թուրքական Milliyet- ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը դատարանից ստացել է 42 լրագրողի ձերբակալելու հրահանգ, որից հետո նրանց դեմ գործողություններ են սկսվել։ Արդեն ձերբակալվել է 5 լրագրող, իսկ 11-ը հեռացել են Թուրքիայից։ Միջազգային մամուլի ասոցիացիան, որը միավորում է ԵՄ կառույցներում հավատարմագրված շուրջ հազար լրագրողի, այս իրադարձությունների առնչությամբ հայտարարություն է տարածել։ Ասոցիացիայի նախագահ Թոմ Վեյնգարները խստորեն դատապարտելով գործընկերների դեմ հաշվեհարդարը՝ պահանջել է առանց նախապայմանի ազատ արձակել բոլոր ձերբակալված լրագրողներին։ Թուրքիայի ղեկավարությանը դիմել է նաեւ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: Ուլրիկե Դեմմերը հայտարարել է. «Բեռլինը սպասում է, որ Թուրքիան կհարգի խոսքի ազատությունը»։
Գյուլենի հետ կապված բոլոր ընկերությունները կփակվեն
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով քննության շրջանակներում Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ն իր հերթին աշխատանքից ազատել է 100-ից ավելի աշխատակից, հաղորդում է «Sabah» թերթը: Աշխատանքից հեռացվածների մեջ են նաեւ ընկերության ղեկավարներ:
Hurriyet պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են դադարեցնել բոլոր այն ընկերությունների գործունեությունը, որոնք կապված են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի մաքսային ու առեւտրի հարցերով նախարարը տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները հետաքննություն են սկսելու Գյուլենի աջակիցներին հովանավորող ընկերությունների դեմ: Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո իշխանությունները փակել են նաեւ 1.600-ից ավելի ուսումնական հաստատություն եւ հանրակացարան, որոնք որևէ կերպ առնչվում են Գյուլենի գործունեությանը։
Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին համարում են պետական հեղաշրջման չստացված փորձի գլխավոր կազմակերպիչ ու հովանավորը` պահանջելով Միացյալ Նահանգներից արտահանձնել ընդդիմադիր քարոզչին: Մինչդեռ ինքը` Գյուլենը, հերքում է իր ներգրավվածությունը գործողություններին` չբացառելով, որ այդ ամենը կարող էր կազմակերպված լինել նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի կողմից:




