

Հուլիսի 10-ին ուժեղ կարկուտը վնասեց Արմավիրի մարզի գյուղատնտեսության մի մասը: Մարզում տեղադրված է 172 հակակարկտային կայան: Ինչպես է գնահատվում կայանների գործունեությունն ու ինչ միջոցներ են անհրաժեշտ դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս հարցի շուրջ Մեդիա կենտրոնն Արմավիրում կազմակերպել էր քննարկում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:
Տարերային աղետները չեն շրջանցում Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը: Ամեն տարի ցրտահարությունից կամ կարկտահարությունից որոշակի վնաս են կրում բազմամյա տնկարքներն ու մշակովի ցանքատարածքները: Կլիմայի փոփոխությանը զուգահեռ մեծացել է կարկտահարության վտանգը թե ծավալով, և թե ուժգնությամբ: Արմավիրի մարզում միայն 2013 թվականի մայիսի 12 կարկտահարության վնասը 46 համայնքում շուրջ 11000 հա-ի վրա կազմել է 25 միլիարդ դրամ, անցած տարի մայիսին, օգոստոսին և հոկտեմբերին տեղացած կարկուտից բերքի կորստի չափը եղել է 3 միլիարդ դրամ՝ 1600 հա-ի վրա, իսկ այս տարի վնասի չափերը դեռ ճշտվում են: Ընդհանուր առմամբ միայն հուլիսի 10 ուժեղ կարկուտից տուժել է 47 համայնք: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ներկայացմամբ 32 համայնքում արդեն պատրաստ են մասնագիտական հանձնաժողովների կողմից կազմված ակտեր, առաջիկա 2-3 օրում կավարտեն նաև մյուս համայնքները:
Մինչև կհաշվեն կարկտահարությունից ու ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վնասները ու կորոշեն աջակցություն տրամադրելու եղանակները, վնասված տարածքների վերականգնման համար գյուղացիներին խորհուրդներով օգնելու են գյուղաջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները: Հակակարկտային կայաններն կառավարվելով մեկ միասնական համակարգից ըստ մասնագետների, զգալիորեն փոխել են իրավիճակը: Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետ Արմեն Կարապետյանը նշեց, որ հանրապետությունում առկա ռադիոլոկացիոն 2 կայանի միջոցով կանխորոշվում է կարկտաբեր ամպերի գոյությունն ու ըստ դրանց շարժման ուղղության՝ կառավարում հակակարկտային կայանները: Լոկատորները 30 տարվա վաղեմություն ունեն, հնամաշ են: Խնդրել են Ռուսաստանի կառավարությանը նորով փոխարինվող հին երկու կայան նվիրել Հայաստանին:
Տրամադրվող ռադիոլոկացիոն երկու կայանից մեկը կտեղադրվի Շիրակի մարզում, մյուսը, ենթադրվում է՝ Արարատի մարզում: Ներկայում Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը դիտարկում է Արմավիրի մարզի ողջ տարածքը: Արարատի մարզում տեղադրվողը նույնպես կարող է 2-րդ լրացուցիչ դիտակայան հանդիասանալ՝ Արագածոտնի կայանի խափանման դեպքում: Գործարկաման արդյունավետությունը մոտ 80 տոկոս է: Բացի այդ Շիրակի, Լոռվա, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում 2017-2021թթ հակակարկտային պաշտպանության զարգացման ծրագրով նախատեսվել է ներառել լոկատորային կենտրոններ և հակակարկտային կայաններ: Արմավիրի մարզում տեղադրված 172 հակակարկտային կայանին նախատեսվում է ավելացնել ևս 34-ը: Շրջանառվող լուրերը, թե կայանքները չեն աշխատել աղետի ժամանակ Արմեն կարապետյանն ասաց, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ կապի խափանում չի եղել, դա եղել է նախորդ տարիներին, երբ հաղորդագրությունը չի հասել հասցեատրիոջը:
Կարկտաբեր ամպերի դեմ պայքարի արդյունավետությունը պաշտպանիչ շերտավոր գոտու ստեղծումն է: Արմավիրի մարզում երկշերտ պաշտպանություն կա Թուրքիայի սահմանում: Հուլիսի 10 կարկտաբեր ամպը ձևավորվել է նշված պաշտպանիչ գոտին 13 կմ անցնելուց հետո, իսկ 4-րդ կարգի կարկտաբեր ամպի դեմ առանձին տեղադրված կայաններն անզոր են պաշտպանելու:
Քննարկման ընթացքում առաջարկվեց կիրառել հակակարկտային պաշտպանիչ ցանցեր, որոնց արդյունավետությունն ավելի մեծ է: Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տարբեր հարթակներում մի քանի անգամ առաջարկել է Հայաստանում հիմնել այդօրինակ ցանցերի համատեղ ձեռնարկություն, սակայն այդ քայլին չեն գնում, քանի որ թանկ արժե: Լուծումը տեսնում են բանկ-արտադրող- գյուղացի և ապահովագրական ընկերություն միասնական շղթայում:




