

Ապրիլի վերջին եւ մայիսին կարկտահարությունը որոշակի վնասներ հասցրել է, բայց ցրտահարությունն այնքան էլսաստիկ չի եղել՝ այսօր ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Կարկուտ ամեն տարի լինում է, կարկտից խուսափել չի լինում: Իհարկե՛, պայքար կազմակերպում ենք դրա դեմ, ռիսկերը նվազեցնելու համար 500 հակակարկտային կայաններ կան, որոնք աշխատում են, սակայն չենք կարող խուսափել նաև կորուստներից»,-ասել է նախարարը։
Նա միաժամանակ նշել է, որ կորուստներն այն չափի չեն, որքան եղել են անցյալ տարվա ընթացքում: Մասնագետները կարկտահարված համայնքներում ուսումնասիրություններ են կատարում, որոշ ժամանակ անց արդեն գնահատականներ կտրվեն կորուստների վերաբերյալ: Այդուհանդերձ, նախարարն ասաց, որ մոտ 5000 հա-ի վնաս եղել է, որից 1500 հա-ն պտղատու այգիներ են, 1000 հա-ն՝ խաղողի այգիներ, 880 հա-ն՝ բանջարանոցային մշակաբույսեր, 400 հա բոստանային մշակաբույսեր: «Կորուստները կազմում են 20-50 տոկոսի սահմաններում»:
Նշենք, որ հարցին, թե այս տարվա ընթացքում 1000 դրամից էժան ծիրան հնարավոր կլինի գնել, Սերգո Կարապետյանը պատասխանել է՝ գինն օր օրի իջնելու է, այսօր նույնիսկ 800 դրամով ծիրան կա:
Ինչ վերաբերում է կարտոֆիլի բերքին, գյուղատնտեսության նախարարն ասաց, որ անցած տարվանից մոտ 700 հա-ով ավելի կարտոֆիլ են ցանել և այս տարի ավելի շատ կարտոֆիլ է լինելու: «Վաղահաս կարտոֆիլի արտահանումն արդեն սկսվել է: Մենք արդեն պայմանավորվածություն ունենք արտահանող կազմակերպությունների հետ, մեծաքանակ արտահանում է իրականացվելու, որովհետև ծավալները բավականին շատ են»,- նշել է Սերգո Կարապետյանը:




