

Հարցազրույց Լուսինե Կչոզյանի հետ
«Եվրատեսիլ 2016»-ին մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր փայլուն կատարումով, արտաքին տեսքով, նաեւ Արցախի դրոշը ծածանելու իր համարձակ քայլով այս օրերին հայտնվել էր թե հայաստանյան, թե արտերկրի լրատվամիջոցների ուշադրույթյան կենտրոնում:
Շատ է խոսվում երգչուհու արտաքին տեսքի, ոճի, հագուստի եւ, իհարկե, կատարուման մասին: «Ռադիոլուր»-ը զրուցել է Իվետա Մուկուչյանի վոկալի ուսուցչուհու՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային– ջազային ամբիոնի դասախոս, Հանրային ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Լուսինե Կչոզյանի հետ:
«Շատ երկար աշխատանք ենք կատարել, որովհետեւ Իվետա Մուկուչյանի ներկայացրած «Love wave» երգը բավականին բարդ է եւ պետք էր ձայնավարժություններով հասնել այդ բարդությունները սահուն կերպով հաղթահարելու եւ երգը ճիշտ մատուցելու նպատակին»,- ասում է Լուսինե Կչոզյանը։ -Իվետայի տաղանդին միացել է նաեւ նրա մեծ աշխատասիրությունն ու ընդունակությունը, ինչի շնորհիվ մեր մասնակիցը կարողացավ հրաշալի կատարել երգը, նաեւ պատվով ներկայացնել մեր երկիրը»:
Լուսինեն պատմում է, որ Իվետա Մուկուչյանին ճանաչում է ավելի քան 4 տարի, դեռ այն ժամանակվանից, երբ Իվետան իր սանն էր: Նրա խոսքով՝ Իվետան պարբերաբար գալիս է իր մոտ՝ վոկալի դասեր առնելու եւ մշտապես լավ «մարզավիճակում» գտնվելու համար:
Լուսինեն, ընդհանուր առմամբ, շատ է հավանել կատարումը. «Շատ պրոֆեսիոնալ եւ ինքնավստահ ելույթ էր: Շատ ուրախ եմ նրա համար: Ուզում եմ ասել, որ Իվետան պատրաստի երգչուհի է։ Վստահ եմ , որ »Եվրատեսիլից« հետո նա շատ լավ առաջարկներ կստանա: Հաջողություն եմ մաղթում Իվետային, որովհետեւ նրա հաջողությունը նաեւ իմ հաջողությունն է: Այդ երգն ինձ համար երեխայի նման է դարձել. երեխայի պես խնամել, ջանք ու եռանդ ես ներդրել»:
Այսօր հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա վերջինը՝ 26- րդը։
«Իհարկե դա շատ պատասխանատու ելույթ կլինի, որովհետեւ նրա ելույթով եզրափակվում է համերգը։ Վստահ եմ, որ նրա ելույթը կունենա պայթյունի եւ հրավառության էֆեկտ»,- «Ռադիոլուրին» ասաց Լուսինե Կչոզյանը։




