

Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահը չի մասնակցում Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Կրեմլն այսօր պարզաբանել է՝ պատճառը փոխգործակցության բացակայությունն է: «Մենք որոշակի դժվարություններ ենք ունեցել գագաթաժողովի օրակարգային հարցերի մշակման նախնական փուլում: Մոսկվան համոզված է, որ միջուկային անվտանգության հարցը շատ արդիական է, սակայն որոշ հարցերի համաձայնեցումը պահանջում է, որպեսզի հաշվի առնվեն համատեղ դիրքորոշումներն ու շահերը»,- այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նախօրեին ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական հարցերով ավագ խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվելով Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցությունից՝ էլ ավելի է մեկուսանում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Սպիտակ տան հայտարարությունը Մոսկվայի ինքնամեկուսացման մասին անվանել է քաղաքականացված: Գերատեսչության չտարածման և սպառազինությունների վերահսկողության վարչության պետ Միխայիլ Ուլյանովն ընդգծել է, որ Ռուսաստանը ֆիզիկական միջուկային անվտանգության ապահովման հարցերում առաջատար երկներից է:
Նշենք, որ միջուկային անվտանգության գագաթաժողովին չի մասնակցում նաև Իրանը: Իսլակաման Հանրապետության ղեկավարներին Վաշինգտոն չեն հրավիրել: «Բոլոր մասնակիցները պետք է կառուցողական դեր խաղան գործընթացում: Գագաթաժողովի նպատակը պատասխանատու քննարկումների ծավալումն է»,- պարզաբանել է Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը:
Թեև Թուրքիայի ղեկավարությունը հրավիրված է ԱՄՆ, սակայն Վաշինգտոնում նախագահ Էրդողանին պատշաճ ընդունելության չեն արժանացրել: «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ նրան օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, դիմավորողների թվում ոչ մի ամերիկացի պաշտոնյա չի եղել։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թուրքիայի նախագահի հանդիպումը կազմակերպելուն ուղղված թուրք պաշտոնյաների ջանքերը արդյունք չեն տվել, գրում է թուրքական պարբերականը։ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկն ավելի վաղ մերժել էր նախագահ Բարաք Օբաման:




