
Ամերիկացի սենատորները մտադիր են խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված բալիստիկ հրթիռների փորձարկումների, մարդու իրավունքների ոլորտում խախտումների, ինչպես նաև «ահաբեկչության աջակցման» հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, ասվում է Իլինոյսից հանրապետական սենատոր Մարկ Կիրկի հայտարարության մեջ։
Իր 15 կուսակից համախոհների հետ միասին նա ներկայացրել է Իսլամական Հանրապետության դեմ հավելյալ պատժամիջոցների սահմանման մասին օրինագիծ՝ կապված բալիստիկ հրթիռների մշակման երկրի ծրագրի հետ։
Նախաձեռնությունը սահմանափակումներ է դնում մասնավորապես այն անձանց վրա, ովքեր գիտակցաբար օգնել են Իրանի հրթիռային ծրագրի զարգացմանը։
Կիրկը 10 հանրապետականների հետ մասնակցել է երկրորդ օրինագծի ներկայացմանը, որը պատժամիջոցներ է պահանջում ՝ կապված ահաբեկչական գործունեության և մարդու իրավունքի խախտումների հետ։ Նախաձեռնությունը սահմանափակումներ է դնում մասնավորապես Իսլամական հեղափոխության պահակազորի, ինչպես նաև իրանական Mahan Air ավիաընկերության վրա, որն օգնում է «Իսլամական պահակազորին ահաբեկչություն տարածել»։ Նախաձեռնությունը խստացնում է նաև ահաբեկչության հովանավոր երկրների վաշինգտոնյան ցուցակից Իրանի բացառման պայմանները։




