
Reuters-ը՝ ԱՄՆ ոստիկանությանը հղումով, հայտնում է բրիտանացի ռոք-երաժիշտ Քիթ Էմերսոնի ինքնասպանության հավանականության մասին: Ոստիկանության տվյալներով Էմերսոնը մահացել է գլխի շրջանում ստացված հրազենային վիրավորուման արդյունքում, ընդ որում, նա ինքն իրեն է հասցրել վնասվածքը:
Էմերսոնի մարմինը ոստիկանները հայտնաբերել են ուրբաթ առավոտյան՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Մոնիկայի իր տանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում կյանքի 71-րդ տարում մահացել է ռոք-երաժիշտ Քիթ Էմերսոնը։ Այս մասին ասված էր նրա նախկին խմբի՝ Emerson, Lake & Palmer-ի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ։
«Ցավով հաղորդում ենք, որ Քիթ Էմերսոնը մահացել է անցած գիշեր՝ լոսանջելեսյան Սանտա Մոնիկայի իր տանը»,- ասված էր հաղորդագրությունում։
Բրիտանացի երաժիշտ ու երգահան Քիթ Էմերսոնը ծնվել է Յորքշիրում 1944 թվականին։
ELP տրիոն, որը ծրագրվել էր որպես HELP քառյակ, որի կազմ պետք է մտներ նաև լեգենդար կիթառահար Ջիմի Հենդրիքսը, համարվում է առաջին սուպերխմբերից մեկը, քանի որ դրա բոլոր անդամները լայն ճանաչում են ձեռք բերել մինչև խմբի կազմ մտնելը։




