

Ֆիզիկական անձինք տարին մեկ անգամ Եվրասիական տնտեսական միության երկրներից հնարավորություն ունեն մեքենա ներկրել՝ առանց ավելացված արժեքի հարկի վճարման: Կառավարությունը օրենսդրական նախագիծն արդեն հաստատել է: Մինչ այդ՝ նախաձեռնությունը վարչապետը ՀՀ նախագահի հետ է քննարկել: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ որոշումը դրական կազդի նաև հայաստանյան ավտոշուկայի վրա. այս երկրներից ներկրվող մեքենաների գնի մինչև յոթ տոկոս նվազում է կանխատեսում տնտեսագետը: ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից մեքենաների ներկրման դեպքում, հիշեցնենք, սահմանին ԱԱՀ եւ մաքսատուրք է գանձվում:
Տարին մեկ անգամ Հայաստանի քաղաքացիները ԵՏՄ անդամ երկրներից կարող են ավտոմեքենա ներկրել ՝առանց ԱԱՀ վճարման: Կառավարությունը հաստատել է «ԱԱՀ մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Խնդիրը մինչ կառավարությունում քննարկվելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև ՀՀ նախագահի հետ էր քննարկել, որոշել են վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
Հովիկ Աբրահամյանը դեռ երկու շաբաթ առաջ հայտարարեց՝ խնդիրը նոր չէ ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար։
Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի փոփոխություններն արդեն հաստատված են: Ինչպես են ոլորտի մասնագետները գնահատում կառավարության քայլը: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը օրենսդրական փոփոխությունը դրական է գնահատում, նկատում է՝ քաղաքացիները դժգոհ են մեկ այլ բանից՝ որ ավելի շուտ չի արվել։
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ որոշումը դրական կազդի նաև հայաստանյան ավտոշուկայի վրա. այս երկրներից ներկրվող մեքենաների գնի մինչև յոթ տոկոս նվազում է կանխատեսում տնտեսագետը:
Նա նաև որոշակի ռիսկեր է նկատում՝ ԱԱՀ հավաքագրման ցուցանիշը կնվազի: Խաչատրյանը կարծում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունը պետք է փորձի այլ ապրանքախմբերի հարկման բազան մեծացնել ու փոխհատուցել այս ճյուղից ԱԱՀ-ի համեմատաբար նվազումը։ «Կառավարությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել այլ ապրանքատեսակների մասով՝ արտադրությունը կամ ներմուծման ծավալները մեծանան, ինչի հաշվին ԱԱՀ-ի կորուստը կկոմպենսացվի: Ոչ թե դրույքաչափ բարձրանա, այլ՝ մեծանա հարկման բազան»։
Անհավասար պայմաններ չեն ստեղծվում այլ երկրներից մեքենա ներկրելու դեպքում, ասում է տնտեսագետն ու ընդգծում՝ ԵՏՄ երկրներն ի սկզբանե բացել են իրենց մաքսային սահմանները, Հայաստանն էլ բացառություն չէ:




