
տեղադրված՝ 12.58-ին
լրացված՝ 15.12-ին

Երեւանում այսօր գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված սեմինարին ֆրանսիական, ֆիննական, հոլանդական, իսրայելական առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրության ջերմոցային նորագույն տեխնոլոգիաները: Ոլորտի պատասխանատուները վստահ են, որ հայաստանյան գյուղատնտեսությանն արդիականացում է անհրաժեշտ: Իսկ արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս ջերմոցների բերքն ավելացնել 20 տոկոսով եւ արտադրություն կազմակերպել ողջ տարին: Հայ գյուղատնտեսներն առայժմ հետաքրքրված են նոր գաղափարներով, բայց` ոչ ոգեւորված. «Նորն ու լավը նաեւ շատ թանկ արժե». նշել են «Ռադիոլուր»-ի զրուցակիցները:
Հայաստանն առանձնահատուկ բնակլիմայական պայմաններ ունի ջերմոցային տնտեսությունների զարգացման համար: Վերջին տարիներին այդ տնտեսություններն ԱԱՀ-ից ազատված են, գործունեության արդյունքում ձեւավորված եկամուտն էլ ազատված է շահութահարկից: ԵՏՄ-ն էլ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացման նոր ուղիներ է բացում: Բայց ոլորտում մոտեցումների ու տեխնոլոգիաների արդիականացում է պետք, որպեսզի գյուղմթերքի տեղական արտադրությունն ավելի մատչելի ու արդյունավետ լինի, ասում է «Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» ղեկավար Ալեքսան Առաքելյանն ու մատնանշում այսօր Երեւանում ներկայացված արտասահմանյան առաջատար կազմակերպությունների նորարարությունները: Բարձրորակ օրգանական պարարտանյութի կիրառումը 5-20 տոկոսով կարող է ավելացնել բերքը, ժամանակակից նյութերը բույսերը պաշտպանում են շոգին չորանալուց, իսկ նոր սերնդի կիսափակ ջերմոցներում ջեռուցման ծախսերն էապես կրճատվում են, բերքն ավելանում է ու ստացվում կլոր տարին: Սակայն արդյոք այս ջերմատները հասանելի են հայ գյուղացուն, հետաքրքրվեցինք Ալեքսան Առաքելյանից: «1 քմ-ի արժեքը սկսվում է 12-15 դոլարից, հասնում 120-150 ոլարի` կախված տեխնոլոգիական հագեցվածությունից»:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արարատի մարզի ջերմոցային տնտեսության ֆերմեր, գյուղատնտես Գագիկ Բաբախանյանը շեշտում է` նորագույն տեխնոլոգիաներն, իրոք, խիստ անհրաժեշտ են: Այսօր գործող ջերմոցներն արդեն հին են, տեխնոլոգիաները` հնացած: Բերքի ավելացման ու ծախսերի նվազեցման խնդիր միշտ կա: Հայ գյուղատնտեսների ծախսը ջերմոցային տնտեսությունների վարման ժամանակ միշտ մեծ է` պայմանավորված գազի գնով: Հենց դրա հետեւանքով բերքի արտադրությունը մեր երկրում թանկ է արժենում, իսկ տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում. Թուրքիայից ներկրված օրինակ բանջարեղենի գնից ինքնարժեքը գրեթե կրկնակի բարձր է ստացվում:
«Կար ժամանակ, որ ջերմոցային տնտեսություն վարելը բավական եկամտաբեր էր: Բայց տարեցտարի գազի գնի աննախադեպ բարձրացման եւ դրա ցածր կալորիականության պայմաններում արտադրանքի ինքնարժեքն ավելանում է, արտադրանքը դառնում է անմրցունակ»:
Անհրաժեշտն անհրաժեշտ, իսկ որքանով են նոր տեխնոլոգիաները մատչելի հայ գյուղացուն: Գյուղատնտես Գագիկ Բաբախանյանը նախ շեշտում է` կառավարության սուբսիդավորած գյուղվարկերն օդի պես պետք են գյուղացուն, բայց դրանք էլ 3 մլն դրամը չեն գերազանցում, ուստի չեն բավարարում ոչ ծախսերին, ոչ էլ նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելուն:
«Իհարկե, հետաքրքրում են, նորագույն տեխնոլոգիաներ են, շատ լավն են: Բայց ունեն բավականին բարձր արժեք ու մատչելի չեն»:
Արդյոք գյուղատնտեսության նախարարությունն ունի ծրագրեր, որոնցով կարող է օժանդակել գյուղացուն` ձեռք բերելու իր գրպանին ոչ հարմար, սակայն պիտանի նոր ջերմոցները կամ բուժիչ նյութերը. հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանից: «Հիմնականում դրանք դրամաշնորհային ծրագրեր են»:
Ստացվում է, որ գյուղացիների հույսը նոր տեխնոլոգիաների ձեռք բերման հարցում մնում են հատուկենտ միջազգային դրամաշնորհային ծրագրերը: Ուստի նորարարական գաղափարներով մնում է հետաքրքրվել ու հիանալ, բայց` դեռ ոչ ոգեւորվել:




