

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» 8 մլն եվրոյի վարկային համաձայնագրին և Եվրոպական ներդրումային բանկից նույն ծրագրի համար ևս 8 մլն եվրո ներգրավելու վարկային համաձայնագրին: ՀՀ ֆինանանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ ծրագիրը միտված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը:
Մասնավորապես, նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: Աղաբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:




