

Արմավիրի մարզում սկսվել են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները: Այգիներում սկսվել է էտը, բանջարաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններն էլ ձեռք են բերել սերմեր՝ սածիլավորման նպատակով: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման գործում որոծակի աջակցություն է ցուցաբերել նաև կառավարությունը:
Գարնան շունչը զգալուն պես գյուղացիները նախապատրաստվում են գյուղատնտեսական աշխատանքներին: Ջերմոցային տնտեսություններ ունեցողները ներկայում զբաղված են սածիլների արտադրությամբ, որոնք մեկ ամսից կտեղափոխվեն ավելի ընդարձակ տարածքներ և արդեն մայիս ամսին կտան առաջին բերքը: Իսկ ավելի ուշ, օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, սածիլները կդրվեն բաց դաշտում: Մինչ այդ գյուղացին ծանրութեթև է անում սպասվող աշխատանքները՝ հույսը կապելով բնության բարեհաճության հետ:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հավաստիացրեց, որ կառավարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերել շուկայականից էժան գներով պարարտանյութի, դիզելային վառելիքի, առվույտի և գարու սերմերի ձեռք բերման գործում: Արմավիրի մարզին հատկացվել է 6000 տ ազտական պարարտանյութ մեկ պարկը 6000 դրամով, 200 տ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ՝ 7000 դրամով հատկացվել է նաև 550 հազ լիտր դիզվառելանյութ՝ մեկ լիտրը 280 դրամով: Գարնանացանի նպատակով էլ համայնքներին օրերս կանխավճարով կտրվի գարու և առվույտի սերմեր: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն առաջարկեց ժամանակին վճարել սերմերի գումարը:
Նախորդ տարում Արմավիրի մարզում արտադրված գյուղմթերքների ծավալը գերազանցեց անցած տարիների ցուցանիշը, որոնց իրացումը հոգս դարձավ արտադրողի և վերամշակողի համար: Սպառման տեսանկյունից դիտարկելով այս տարի նախատեսվում է մեծ քանակությամբ լոլիկ արտադրել, որի իրացման նպատակով պայմանավորվել են վերամշակող ձեռնարկությունների հետ :
Մարզում այս տարի հնարավոր է վերականգնվի արդեն մոռացված, սակայն տարիներ առաջ լայն արտադրություն ունեցող խորդենու մշակությունը: Արմավիրի մարզում եղել է նաև խորդենու մշակության մասնագիտացված տնտեսություն:
Ներկայում սկսվել է այգիների էտը, որոշ ժամանակ անց էլ կսկվեն այգաբացի աշխատանքները:




