
Հայկական PicsArt ընկերությունը եւս միացել է ամերիկյան այն ընկերություններին, որոնք Օբամայի վարչակազմին կոչ են անում հեշտացնել Հայաստանում աճող տեխնոլոգիաների ոլորտի առեւտուրը և բանակցել կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը վերանայելու համար, հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղարկված նամակում PicsArt-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը բացատրել է, որ «PicsArt-ը եւ բազմաթիվ այլ ՏՏ սթարթափները Հայաստանում ներկայացնում են հայ-ամերիկյան տնտեսական աճի առաջընթացը, առեւտրային գործընկերությունների ընդլայնումը եւ հայ- ամերիկյան ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը»:
Նա նաև նշել է, որ «ավելի երկար ժամկետով առավել լուրջ, կայուն առաջընթաց ապահովելու համար՝ մենք պետք է հեռացնենք երկկողմ համագործակցության խոչընդոտները եւ ստեղծենք շարունակական տնտեսական աճի հստակ իրավական դաշտ»:
ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումը բացառող գործող համաձայնագիրը իրավական անորոշություններ է պարունակում, որը ամերիկյան պոտենցիալ ներդրողներին զսպում է աշխատել Հայաստանում, կարծում են Օբամայի վարչակազմին դիմած գործարարները։




