


Հայաստանը որոշակի զսպողական քաղաքականություն կարողանում է իրականացնել, որպեսզի ամուր արտարժույթի տատանումները հնարավորինս փոքր ազդեցություն ունենան մեր տնտեսության վրա: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Խոսելով ֆինանսական շուկայում արժույթների կտրուկ տատանումների մասին՝ նա շեշտել է, որ դրանք պայմանավորված են նաեւ երկրի տնտեսությամբ, իսկ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ոչ ցանկալի վիճակում ու հենց այդ հանգամանքով պայմանավորված մեր արժույթը կարող է ենթարկվել ամենատարբեր տատանումների: Այսօր Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ անցկացվող քննարկման ժամանակ էլ տնտեսագետներ Վիլեն Խաչատրյանն ու Վահագն Խաչատրյանը երկար վերլուծել են այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը: «Մեր երկրի տնտեսությունը մահանում է, ու սա ֆորսմաժորային վիճակ է»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Վիլեն Խաչատրյանն էլ չի բացառել Հայաստանում դոլարի հետագա թանկացումը` իր կանխատեսման հիմքում դնելով համաշխարհային տնտեսության լճացած վիճակը:




