Տնտեսական

Որքանո՞վ է «Տնտեսական ազատության ինդեքսը» արտահայտում հայաստանյան իրականությունը

lianaeghiazaryan

Հայաստանը տնտեսական 10 հիմնական ցուցանիշով անցյալ տարվանից փոքր-ինչ` 2 հորիզոնականով հետընթաց է արձանագրել. տնտեսական ազատության վարկանշային ամենամյա աղյուսակն է ներկայացվել այսօր: Մեր երկիրը 54-րդն է 178 երկրի շարքում: Միջազգային փորձագետների հաշվարկով` մեր երկիրն առավել ազատ տնտեսություն ունի, քան Ռուսաստանը եւ քան մեր բոլոր հարեւան երկրները, բացի Վրաստանից, որը մեր երկրից առաջ է միանգամից մի քանի տասնյակ հորիզոնականով: Ինչպես են Հայաստանն ու շարքային գործարարն իրենց վրա զգում մեր երկրի տնտեսական փոփոխությունները:

 

Հայաստանը 178 երկրի շարքում 54-րդ-ն է տնտեսական ազատության ցուցանիշով:  Վարկանշային այս աղյուսակը կազմում են ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը։ Մեր երկիրը հայտնվել է «չափավոր ազատ»* ների շարքում`  հավաքելով 67 միավոր: Ի դեպ` սա փոքր-ինչ հետընթաց է Հայաստանի համար, քանի որ անցյալ տարի մեր երկիրը ընդամենը 0.1 միավոր ավելին հավաքելով` 52-րդ-ն էր:

Որպես համեմատություն նկատենք` ազատ տնտեսության ցուցանիշով Հայաստանից 31 հորիզոնականով առաջ է հարեւան Վրաստանը` 72.6 միավորով: Մեզ 36 հորիզոնականով զիջում է Ադրբեջանը` 91-րդ հորիզոնական: 25 հորիզոնականով մեզանից հետ է Թուրքիան` հայտնվելով 79-րդ տեղում: Իսկ Իրանն ընդհանրապես անազատ տնտեսությունների ցանկում է` 178-ից 171-րդ-ը: Ռուսաստանին ընդամենը 2 հորիզոնական է բաժանում ճնշված տնտեսությունների խմբից: Այդ երկիրը 153-րդ հորիզոնականում է: Աղյուսակի հեղինակները գտնում են, որ Ռուսաստանն իր տնտեսական ազատությամբ զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նեպալը,  Տանզանիան, Մոզամբիկը, Մոնղոլիան եւ այսպես շարունակ:

Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշերի մասով տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իր դիտարկումն ունի: «Կարծում եմ` բիզնեսի ոլորտում ազատություններ կան, դրամավարկային քաղաքականության առումով որոշակի աճ կա, ԵՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված` առեւտրային ազատության առումով էլ որոշակի առաջընթաց ունենք»,- ասում է:

Խաչատրյանի կարծիքով` Հայաստանի տնտեսական ցուցանիշերից ամենամեծ բացը ներդրումների մասով է. գործարարները մտավախություն ունեն, որ իրենց ներդրումները չեն արդարացվի:

Տնտեսական հին ու նոր խնդիրների բերումով հայ քաղաքացու եկամուտները միջինում որքանո՞վ են պակասել: Վիլեն Խաչատրյանի հաշվարկով` 2015-ին ընտանիքի ամեն անդամ մոտ 1 դոլարով պակաս է ծախսել: Ամեն դեպքում՝ մեր երկրում ստեղծված իրավիճակը գալիս է արդարացնելու տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի` դեռ 2014-ի եւ 2015-ի կանխատեսումները` հաջորդ տարին ավելի վատն է լինելու: 2016-ի խնդիրները անցյալ տարվանից շատ են, ու դրա մասին են փաստում ամենատարբեր ոլորտների գործարարների հետ զրույցները:

Զրուցակիցս հիշում է, որ իրեն հաճախ են մեղադրում խիստ հոռետես լինելու համար, բայց «իրականում տեսնում եք` չկա մի ոլորտ, որ չտուժի: Հայաստանը միայն 2015-ին 1 մլրդ 170 մլն դոլարի ներմուծում քիչ է կատարել: Բաշխեք, տեսեք` քանի գործարար դրանից կարող էր տուժել: Դա խոսում է թե մանրածախ, թե մեծածախ առեւտրի, թե  արդյունաբերության, բոլորի դժվարությունների մասին»:

Վերադառնալով տնտեսական ազատության ցուցանիշին` նկատենք` աշխարհի ամենաազատ տնտեսություններ են ճանաչվել Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ամենաանազատը` Հյուսիսային Կորեան, Վենեսուելան եւ Կուբան:  Ցուցակի բեւեռներում են ԱՄՆ-ը եւ Չինաստանը` 11-րդ եւ 144-րդ: Հիշեցնենք` տնտեսական ազատության մակարդակը գնահատվում է  ըստ սեփականության իրավունքների երաշխիքի, կոռուպցիայի, պետական ծախսերի արդյունավետության, առևտրի ազատության և աշխատաշուկայի ճկունության` ընդհանուր 10 ցուցանիշով:

 

Կարդացեք նաև

Back to top button