
Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են Իրանում բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի հետ։ Պատժամիջոցների նոր ցուցակում մասնավորապես ընդգրկվել է ԱՄԷ-ում բազավորված Mabrooka Trading ընկերությունը, որն իր մասնաճյուղն ունի Չինաստանում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդգծել է, որ տվյալ ընկերությունը երրորդ երկրներում կեղծ ընկերությունների միջոցով Իրանի համար գնել է անհրաժեշտ ապրանքներ, որպեսզի մոլորության մեջ գցի մատակարարներին։
Բացի դրանից՝՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 5 իրանցիների նկատմամբ, որոնք նույնպես մասնակցել են Իրանի համար բալիստիկ հրթիռների ստեղծմանը։ Պաշտոնապես նոր պատժամիջոցների մասին պետք է հայտարարվեր դեռևս հունվարի 6-ին, սակայն հետագայում Բարաք Օբամայի վարչակազմը որոշեց հետաձգել դրանց ներդրումը։ 2010 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած թիվ 1929 բանաձևն Իրանին արգելում է մշակել ու փորձարկել բալիստիկ հրթիռներ։
ԱՄՆ նոր՝ հասցեական պատժամիջոցները հաջորդել են Իրանի դեմ պատժամիջոցները վերածնելուն։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում երեկ հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել Իրանի հետ հարաբերություններում լարվածության վերացմանը։ Օբամայի խոսքով՝ դիվանագետների ջանքերը հանգեցրին նրան, որ Իրանը զրկվեց ատոմային ռումբ մշակելու հնարավորությունից։ Օբաման ընդգծել է, որ եթե նախկինում Թեհրանն ուներ բավականաչափ ռեսուրսներ՝ 10 միջուկային մարտագլխիկ արտադրելու համար, այժմ դրանք անբավարար են անգամ մեկի համար։ «Եթե Իրանը փորձի գաղտնի ստեղծել ռումբ, ապա մենք կբացահայտենք նրանց»,- ասել է նա։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ հայտարարել է պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ողջ մասշտաբով չի վերականգնի ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ մինչև սահմանափակումների սահմանումը երկու երկրների միջև չեն եղել հարաբերություններ։ «Իրանը տնտեսական որևէ հարաբերություն չի ունեցել ԱՄՆ-ի հետ և չի ունենա, եթե միայն չառաջանան անհրաժեշտ պայմաններ ինքնաթիռների կամ մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ նաև գորգերի հարցի վերաբերյալ՚,- հայտարարել է նա։ ՙԵթե ԱՄՆ-ը ցանկանա ներդրում անել Իրանի տնտեսական ու տեխնոլոգիաների ոլորտում, նա կբախվի որոշակի խոչընդոտների, սակայն Իրանը բնականաբար պատրաստ է որոշակի արտոնություններ սահմանել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք գործունեություն կիրականացնեն ԱՄՆ-ի տարածքից դուրս»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։




