Մշակույթ

Վախճանվել է ճարտարապետ Գարի Ռաշիդյանը

G.Rashidyan-2-150x15083 տարեկան հասակում իր մահկանացուն է  կնքել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի պետական և ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Գարրի Ռաշիդյանը:

Ծնվել է 1933թ. հունվարի 5-ին: 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը և անցել աշխատանքի Հայպետնախագիծ, ապա Հայաստանի ճարտարապետության և շինարարության գիտահետազոտական ինստիտուտներում: 1966թ.ավարտելով Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտի ասպիրանտուրան աշխատել է Ճարտարապետական կրթության ասպարեզում, համատեղելով աշխատանքը գործունեության այլ ոլորտներում: Նա գործունեության լայն ընդգրկման նախագծող ճարտարապետ էր, գիտնական, մանկավարժ:

1977-1993թթ. ղեկավարել է Երևանի պետական միութենական նախագծային ինստիտուտը: Նրա նախագծերով իրականացվել են բազմաբնույթ կառույցներ՝ քաղաքաշինական կազմավորումներ, բնակելի և հասարակական շենքեր, գիտաարտադրական համալիրներ, որոնցից առավել նշանակալիներն են Էջմիածնի համաքաղաքային կենտրոնը, Ավան-Առինջ բնակելի շրջանը, Հաղթանակի 40-ամյակին նվիրված պուրակային հուշահամալիրը Երևանում, սոցիալապես մատչելի նոր տիպի կացարաններ ԼՂՀ-ի պայմաններում, Դավիթաշենի հանգստի գոտին, փորձարարական արտադրամասով շինարարական կոստրուկտորական բյուրոն Աբովյանում և այլն:

Նրա հրատարակած ավելի քան 120 գիտական հոդվածներն ու ճարտարապետության արդի խնդիրներին նվիրված 5 գիրք-մենագրությունները կարևոր ներդրում էին ճարտարապետության տեսության և մասնագիտական կրթության ասպարեզում:

Դրանցից «Երևանի գլխավոր հրապարակը ժամանակի և տարածության մեջ» աշխատությունը թամանյանական ժառանգությանը քաջատեղյակ մասնագետի սրտացավ հայացք է, առկա մտահոգիչ վիճակի խորաթափանց վերլուծություն: Իր հրապարակախոսական հոդվածներով անդրադառնում էր մասնագիտական վիճահարույց հիմնահարցերի:

Գարրի Ռաշիդյանը Հայաստանի ճարտարարապետների միության և ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ էր: Նա բազմիցս ընտրվել է ՀՃՄ վարչության և մասնագիտական բազմաթիվ խորհուրդների անդամ: Ստեղծագործական նվաճումների համար  արժանացել է շքանշանների ու մեդալների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ վարչապետի պատվոգրերի:

Կարդացեք նաև

Back to top button