
Մոսկվայում այսօր կայացել են Սերգեյ Լավրով- Ջոն Քերրի բանակցությունները: Օրակարգում սիրիական ճգնաժամի հաղթահարումն է և միջազգային ահաբեկչության դեմ միավորվելու հեռանկարները: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովն ու Քերրին համակարծիք են եղել, որ «Իսլամական պետությունը» համընդհանուր սպառնալիք է, որի հետ անհնար է բանակցություններ վարել, նրանց դեմ պետք է միայն պայքար մղել:
Կոնկրետ պայմանավորվածությունների մասին դեռև ոչինչ չի նշվում, հայտնի է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնել են համագործակցել միջազգային օրակարգի հարցերը հաղթահարելու գործում: «Իսլամական պետությունն» ակտիվ գործունեություն է ծավալում Իրաքում, ահաբեկչական դրսևորումներ կան Եմենում ու Աֆղանստանում»,- ասել է Լավրովը։
Քերին իր հերթին համաձայնել է, որ ԻՊ-ի դեմ համատեղ պայքար է անհրաժեշտ։ «Իհարկե, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայն են, որ ԻՊ-ը մեր ընդհանուր սպառնալիքն է, սպառնալիք մեր երկրների ու ազգերի համար։ Նրանց հետ հնարավոր չէ բանակցել, նրանք ահաբեկիչներ են, որոնք ավերում են մեր մշակույթը, արժանապատվությունը և մեզ այլընտրանք չեն թողնում, բացի պայքարելուց»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Լավրով-Քերրի բանակցությունների արդյունքների հիման վրա Քերիին կընդունի նաև Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինը:




