Միջազգային

Էրդողանը քաշում է սանձերը

Ընդդիմադիր թերթերի տպագրությունը դադարեցվել է
Թուրքիայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ երկրում բռնությունները ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ սաստկացել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոխերիմ թշնամին դարձած Ֆեթուլլահ Գյուլենի հետ սերտ կապեր ունեցող «Քոզա Իփեք» մեդիահոլդինգի մաս կազմող «Բուգյուն» և «Միլլեթ» պարբերականների հրատարակումը դադարեցվել է: «Հաբերլեր» լրատվականը հայտնել է «Բուգյուն» պարբերականի գլխավոր խմբագիր Էրհան Բաշյուրթը:

Նա տեղեկացրել է, որ նախորդ օրը տեղական ժամանակով ժամը 17:00-ին թերթն ուղարկել են տպագրության, սակայն տպագրատուն ուղարկված մեկ այլ գրության պատճառով այն լույս չի տեսել: Պարբերականների աշխատակիցները սոցիալական ցանցների միջոցով իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի առնչությամբ: Նրանք նաև հրապարկել են լույս տեսնել պատրաստվող թերթերի շապիկները:

Երեխաների դեմ քրեական գործ՝  Էրդողանի նկարը պոկելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով մեծադիր պաստառը Դիարբեքիրում ցուցափեղկից պոկելու համար երկու երեխայի դեմ դատական գործ է բացվել: Թուրքական NTV- ի հաղորդմամբ` նրանցից մեկը 12 տարեկան է, իսկ մյուսը՝ 13: Բերման ենթարկված երեխաները մեղադրվում են Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ:

Անչափահասներին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: Նշվում է, որ երեխաները ընդունել են իրենց հանցանքը: Միաժամանակ՝ նրանք նշել են, որ պաստառը պոկել են  մի կոշկակարի վաճառելու մտադրությամբ: Նրանց փաստաբանն էլ իր հերթին նշել է, որ հնարավոր է երեխաները չեն իմացել, թե ով պատկերված եղել պաստառին: Օրինախախտ համարվող անչափահասներն՝ այժմ գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ:

ԱՄՆ մտահոգված է բռնությունների կապակցությամբ
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հորդորել է Թուրքիայի իշխանություններին հարգանք դրսևորել ոչ միայն մամուլի ազատության, այլև քաղաքական ընդդիմության նկատմամբ: «Մենք ցանկանում ենք տեսնել, որ Թուրքիան շարունակում է իր իսկ սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական դրույթների կյանքի կոչումը: Սա կարևոր է ոչ միայն մեզ, այլև Թուրքիայի ժողովրդի համար»,- հայտարարել է նա։

ԵՄ- ն արձանագրում է իրավիճակի վատթարացում
Եվրահանձնաժողովն էլ  հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատրաստած զեկույցի նախնական տարբերակը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` զեկույցում նշվում է,  որ 2014 թվականից սկսած՝ երկրում իրավիճակը գնալով վատթարանում է: Նշվում է, որ երկրում դատական համակարգի անկախության և ուժերի բաշխման սկզբունքերը խախտվել են:

Անդրադառնալով Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը` Եվրահանձնաժողովը արձանագրել է. «Ներկայիս կառավարությունը ԵՄ անդամակցության գործընթացը վերակենդանացնելու համար ջանքեր գործադրեց, սակայն օրենքի գերակայության, խոսքի և հավաքների ազատության վերաբերյալ եվրոպական սնադարտներին հակասող օրենքները ստվերեցին այդ ջանքերը»։

Կարդացեք նաև

Back to top button