
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով առաջարկում է հրաժարվել դոլարից և եվրոյից որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից փոխադարձ հաշվարկներում:
«Համաձայնագրով նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ կառավարությունում գտնում են, որ դա կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առևտրի ոլորտում վճարումների և ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ և այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար:




