
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նա մանրամասնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել երկու միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ քննարկվել է առաջին՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
«Այդ միջնորդության բավարարումն ունենք»,- նշել է Մարտիրոսյանը։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։
Դատախազությունն իր հերթին նշել էր, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում, թե ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություններ ներկայացրել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորական մանդատները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից պատգամավորական մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։




