
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարծիքով, եթե Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարներ գանձի, համանման իրավիճակ կարող է ստեղծվել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Մանիլայում կայացած Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում։
Ըստ պետքարտուղարի՝ Իրանը «պահանջում է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իրավունք, որը նա չունի որևէ իրավական մեխանիզմով»։ Ռուբիոյի կարծիքով՝ այսպիսով «կարող է ստեղծվել մի նախադեպ, երբ որևէ պետություն որոշում է վերահսկողություն սահմանել միջազգային ծովային ուղու նկատմամբ, վճար է գանձում անցման համար և կրակ բացում նավերի վրա՝ վճարումից հրաժարվելու դեպքում»։
«Եթե մենք նման վտանգավոր նախադեպ ստեղծենք, դա կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նրա համոզմամբ՝ «խաղասեղանին են դրված նավագնացության ազատության հիմնարար սկզբունքները, և սպառնալիքի առաջացման դեպքում համանման ռիսկերի կարող են ենթարկվել համաշխարհային տնտեսությունը և այն կանոնները, որոնք վերջին 150 տարիներին գործում են միջազգային առևտրում»։
Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ վերցնելու և բոլոր առևտրային նավերի բեռների արժեքից 20% վճար գանձելու մասին, որը փոխհատուցում կլինի անվտանգության ապահովման համար:
Ամերիկյան կողմի այս որոշումը հարուցել էր միջազգային խոշորագույն նավատերերի ու փոխադրողների կտրուկ դիմադրությունը, քանի որ միջազգային նեղուցում տուրքերի սահմանումը ուղղակիորեն հակասում է միջազգային իրավունքին և իրականություն է դարձնում հենց այն գլոբալ ռիսկը, որից զգուշացնում է Պետքարտուղարությունը:




