Էկոսֆերա

«Կանաչ» Ստեփանավանն ընդդեմ հանքի. թեժ քննարկումներ Արմանիսի հանքավայրի շուրջ․ «Էկոսֆերա»

Վահե Վարդումյանը կնոջ և երեխաների հետ երեք տարի առաջ Երևանից տեղափոխվել է Ստեփանավան և հիմնական բնակություն հաստատել։ Զբաղվում է գյուղատնտեսությամբ, որը նպաստ է բերում համայնքին, և նպատակ ունի նաև հյուրատուն բացել։ Սակայն Վարդումյանների ընտանիքին մտահոգում է Ստեփանավանի տարածաշրջանում հանքավայրի ընդլայնման և շահագործման մտադրությունը, ինչին դեմ են և իրենց կարծիքն արտահայտելու համար ընտանիքով, այդ թվում՝ տասնամսական փոքրիկի հետ եկել են համայնքապետարան՝ հանրային լսմանը մասնակցելու։

Հատկապես վերջին տարիներին շատերն սկսել են ներդրումներ անել Ստեփանավանում՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Փոքր բիզնես գործունեություն ծավալողների, նաև Ստեփանավանի երիտասարդների զգալի մասը դեմ է համայնքում հանքավայրի ընդլայնմանն ու շահագործմանը, ինչի մասին նրանք բարձրաձայնեցին Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցած «Սագամար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային երկրորդ լսման ընթացքում։

Ստեփանավանում, Արմանիսում և Ուրասարում լսումներն անցան լարված մթնոլորտում, քանի որ բախվում էին կողմ և դեմ կարծիքները։

Հանրային առաջին լսման մասին իրազեկումը պատշաճ չի կատարվել, և շատերը տեղյակ չեն եղել քննարկման մասին, ասում է Լոռու մարզից իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը։

ՇՄՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՀՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Հովակիմ Ֆրունզիկյանը հակադարձում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատվություն է կրում հանրային երկրորդ լսման վերաբերյալ»։

Հանրային լսմանը ներկա մասնակիցներից, «Լոռե» Էկո-ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Մանյա Մելիքջանյանը դեռևս տարիներ առաջ բարձրաձայնում էր Արմանիսի հանքավայրի շահագործման բացասական հետևանքների մասին, երբ աղտոտվում էր Ձորագետի վտակը՝ շրջակա միջավայրը «ավելացնելով» ծանր մետաղներով։ Մելիքջանյանն այսօր մեզ հետ զրույցում կրկին կոչ արեց բնակիչներին պահպանել բնությունը, միևնույն ժամանակ հիշեցնելով «Սագամար» ընկերության կողմից արդեն ունեցած ձախողված փորձը։

«Սագամար» ՓԲԸ-ն այս պահին էլ աշխատում է Արմանիսում, սակայն արդյունահանում չի իրականացնում։ Հանքավայրում աշխատում է մոտ 50 աշխատակից։ Ըստ ընկերության ներկայացուցչի, եթե ՇՄՆ-ը դրական եզրակացություն տա՝ ուսումնասիրություն իրականացնելու համար, ապա աշխատատեղերը կավելանան ևս 50-ով։

«Սագամար» ՓԲԸ-ն Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործման համար մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի։ Թե ինչու կասեցվեց հանքավայրի շահագործումը, «Սագամար» ընկերության տնօրենի տեղակալ Արա Բերբերյանը հետևյալ պարզաբանումը տվեց․

«2015 թվականին համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գինը ընկավ շատ թափով, իսկ մեր հանքի հանքաքարը բավականին բարդ հանքաքար է, չես կարող արդյունահանել և պահել։ Սա պատճառ հանդիսացավ, որից հետո արդեն սկսեցինք հաշվարկներ անել, և պարզվեց, որ նաև պաշարները, որոնք ներկայացված էին պետական կոմիտեի կողմից, անհամապատասխանելի են։ Այն համալրելու և ի մի բերելու, հետագայում աշխատանքները կազմակերպելու համար ձեռնարկվեցին նաև այս քայլերը, որպեսզի մենք կարողանանք ոչ թե 1-2 տարով կարճաժամկետ շահագործենք ընկերությունը, այլ քարտեզագծենք ճանապարհը և երկարաժամկետ աշխատենք»։

Բնակիչների կարծիքն արձանագրվեց ՇՄՆ-ի կողմից, որը կներառվի ՇՄՆ-ի կողմից տրվող վերջնական եզրակացության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button