ԿարևորՌեպորտաժներՍպորտ

Արցունքներ, արդյունքներ ու սերնդափոխություն․ Մունդիալ-2026-ի վերջին ակորդները

Մունդիալ-2026-ն այլևս պատմություն է, և ոչ միայն ֆուտբոլի ու սպորտի մասին։ Նախորդներին մասնակիցների և հյուրընկալող երկրների թվով գերազանցող առաջնության եզրափակիչը  տպավորիչ դրվագների պակաս չի ունեցել․ պատմության մեջ երկու խաղակեսերի միջև ամենաերկար ընդմիջում, խաղը դիտելու ու անձամբ ֆուտբոլիստներին պարգևատրելու եկած Թրամփ ու դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկի էմոցիոնալ ու դատարկաձեռն հեռացում ։

Ֆուտբոլային աշխարհի «այծը»՝ Լիոնել Մեսսին, վճռորոշ խաղում պարտվելուց հետո դեմքով շրջվեց դեպի իր հազարավոր երկրպագուներն ու չզսպեց արցունքերը, որ գուցե ոչ այնքան պարտության, որքան ֆուտբոլային մի ողջ դարաշրջանի ավարտի մասին էին։

8 «Ոսկե գնդակ», աշխարհի առաջնության գավաթ, 4 Չեմպիոնների լիգայի և 10 Լա Լիգայի տիտղոս և ընդհանուր 47 պաշտոնական գավաթ՝ թվեր, որոնք նրան դարձրեցին ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։ 39-ամյա ֆուտբոլիստը սակայն, աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն չդարձավ։ Այս խաղը, որ շատերի կարծիքով Մեսսիի մասնակցությամբ վերջինն էր, բայց ինքն անձամբ դեռ չի հայտարարել հավաքականից հեռանալու մասին, կարող էր դառնալ նրա փառահեղ կարիերայի վերջին փայլուն էջը, բայց ինչպես ասում են, իսպանացիներն ուրիշ պլաններ ունեին։ «Նյու Յորք Թայմս»-ը այսպես է նկարագրել Լիոնել Մեսսի վերջին պայքարը․

«Տասնյակ հազարավոր երկրպագուներ նրան վերևից էին նայում։ Միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում դիտում էին նրան։ Եվ այնուամենայնիվ, այդ օրը նա ավելի մենակ էր, քան երբևէ։  Երբ խաղն ավարտվեց, երկու հավաքականների խաղացողները իրար մոտեցան՝ լարված իրավիճակ ու հրմշտոց սկսվեց։ ՈՒ Մեսսին մնաց մենակ՝ պարտված։ Նա նստեց,  հանեց Adidas-ի՝ հատուկ նրա համար պատրաստված կոշիկները, որոնք կոչվում էին «Վերջին տանգո», և չնայած խաղադաշտում աղմուկ էր բարձրացել, երաժշտությունը դադարեց Մեսսիի համար։ Նրա՝ Աշխարհի գավաթի  համար խաղարկության կարիերան, կարծես, ավարտվեց»։

«Լիոնել Մեսսիի վերջին տանգոյի տխրությունը»․ այսպես է լրատվամիջոցը վերնագրել Արգենտինայի հավաքականի առաջատարի մասին հոդվածը, հավելելով, որ արգենտինական այդ տանգոն արդեն 6 շաբաթ գրավել էր աշխարհի ուշադրությունը։

Մեսսիին ծափերով ու խոնարհումներով ճանապարհելուց հետո Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացան հաղորդագրություն տարածեց․

«Քո արցունքները մեր արցունքներն են, կապիտան։ Դու մեզ պարգևեցիր մեր կյանքի ամենամեծ ուրախությունները։ Շնորհակալություն նվիրվածության, կախարդանքի համար և մինչև վերջին վայրկյանը քո ամբողջ ուժը մեզ տալու համար։ Մենք քեզ հավերժ սիրում ենք, Լեո»։

Ֆուտբոլի երկրպագուները սոցցանցերում հոլովակներով, հրապարակումներով կիսում են էմոցիաները, որ միայն սպորտի մասին չեն։ «Այս վերջին խաղով կարծես ավարտվեց մի ամբողջ սերնդի մանկությունն ու երիտասարդությունը։ Նրանք, ովքեր մեծացել են 2000-ականներին՝ դիտելով Մեսսիի և Ռոնալդուի կախարդական խաղերը, նրանց շնորհիվ սովորել են սիրել ֆուտբոլը, հավատալ անհնարինին և երազել մեծ հաղթանակների մասին»՝ գրում են նրանք։ Միևնույն ժամանակ, երկրպագունեի աչքից չի վրիպել այն դրվագը, երբ իսպանացի երիտասարադ հավակնոտ ֆուտբոլիստ Յամալը մոտենում է հուսահատ նստած Մեսսին, վերջինս ոտքի է կանգնում և նրանք գրկախառնվում են։ Որ սա մեծ ֆուտբոլին արժանի սերնդափոխության գեղեցիկ դրվագներից է՝ վստահ է նաև Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան․

«Ես ուզում եմ, որ սա Լամինի ժամանակը լինի։ Մեսսին մեզ փառքի տարիներ է պարգևել, նա մեր պատմության փառահեղ ու շքեղ անցյալի մի մասն է, սակայն այժմ եկել է Յամալի ժամանակը։ Լամինը հանճար է։ Նա չի ընկրկում դժվարությունների առջև, որոնք կարող են կոտրել ցանկացածին։ Նա չափազանց համարձակ է, բոլոր փորձություններին դիմակայում է դեմ առ դեմ և իր տարիքի համեմատ անհավանական հասուն է»։

Իսպանիայի միակ՝ հաղթական գոլը հեղինակեց Ֆերրան Տորեսը՝ ավելացված ժամանակահատվածում՝ 106-րդ րոպեին։

Այս առաջնությունը, որ նախորդներին գերազանցել էր մասնակիցների աննախադեպ թվով, նոր ռեկորդներ սահմանեց նաև եզրափակիչում։ Առաջին անգամ 15 րեպեի փոխարեն 27 րոպե ընդմիջեցին ֆուտբոլիստները,  խաղադաշտը այդ րոպեներին վերածվեց միջազգային աստղերի համերգի․ BTS, Coldplay, Ջասթին Բիբեր ու Շակիրա․

Ֆուտբոլային ամենահիշարժան խաղերից մեկը անձամբ դիտելու էին եկել Թոմ Կրուզը, Մեթ Դեյմոնը, Դուա Լիպան, Բեյոնսեն, Ջեյ-Զին։ Ընդմիջման այս ձևաչափը, սակայն միանշանակ չընդունվեց,  Անգլիայի հավաքականի նախկին ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին, որը BBC-ի եթերում մեկնաբանում էր աշխարհի առաջնության եզրափակիչը, կոշտ քննադատեց ընդմիջման շոուն՝ այն բնութագրելով «անորակ» («It was crap»)։ Հավելեց, որ նախընտրում է ընդմիջման ընթացքում վերլուծել ֆուտբոլը, ոչ թե դիտել մեծ շոու։ Այդ արտահայտությունը լայն տարածում գտավ սոցիալական ցանցերում։

Ուղղաթիռով Նյու Ջերսիի մարզադաշտ ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղը դիտեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ։ Նրանք երկուսով պարգևատրեցին ֆուտբոլիստներին։ Ամենաքննարված ու մեծ տարածում ստացած դրվագներից մեկն այն էր, երբ Թրամփը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների՝ գավաթը վեր բարձրացնելու և տոնելու ժամանակ չէր լքում բեմը։ Ֆուտբոլիստներին մենակ թողնելու հուշումը Թրամփի ականջին շշնջաց Ինֆանտինոն, հետո միայն նրանք մենակ թողեցին հաղթանակը տոնող իսպանացիներին։

Կարդացեք նաև

Back to top button