
Անցյալում պատրաստված ցանկացած իր տեսնելիս հիանում ենք դրա գեղեցկությամբ, հետո մտածում հեղինակի մասին, բայց գրեթե երբեք չենք հարցնում, թե ինչ գործիքներով է այն ստեղծվել։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացված «Վարպետներ և գործիքներ» ցուցահանդեսը նվիրված է հենց պղնձագործներին ու նրանց աշխատանքային գործիքներին։


Ներկայացված նմուշները հիմնականում պատկանում են սիրիահայ վարպետներին, որոնց հաջողվել է վերջին տարիների պատերազմական թոհուբոհից փրկել ու Հայաստան բերել տասնամյակների պատմություն ունեցող այս արժեքավոր իրերը՝ մուրճերն ու սալերը։


Ժողովրդական վարպետ Հրազդան Թոքմաջյանն ասում է, որ այսօր արհեստի այս ճյուղը գրեթե մեռած է, քանի որ ձեռքի աշխատանքին փոխարինելու է եկել մեքենայացված արտադրությունը։ Այդուհանդերձ, հատկապես Գյումրիում դեռ կան հատուկենտ վարպետներ, ովքեր շարունակում են աշխատել ավանդական եղանակով։
Ցուցահանդեսի նպատակն է նոր հետաքրքրություն առաջացնել պղնձագործության հանդեպ, մանավանդ որ միջազգային ցուցահանդեսներում արժևորվում է հենց ձեռքի աշխատանքը։
Քանի դեռ կան ավանդական մեթոդներով աշխատող վարպետներ, անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել ու պահպանել ժողովրդական արվեստի այս բացառիկ տեսակը։




