ԿարևորՀասարակություն

«Վարդավառ» երիտասարդական փառատոնը՝ Գառնիում և Գեղարդում. ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում

Հուլիսի 12-ին, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տաղավար տոնի առթիվ, Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ/FYCA), ավանդույթի համաձայն, կազմակերպել է հերթական «Վարդավառ» երիտասարդական փառատոնը։

Ճանաչողական, կրթական ու մշակութային այս նշանակալի իրադարձությունն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարան հանդիսացող պատմամշակութային բացառիկ վայրերում՝ Գառնիում և Գեղարդում։

Փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հայկական ազգային մշակույթին, դարերով փոխանցված նյութական և ոչ նյութական արժեքներին, ինչպես նաև վերակենդանացնել տոնի ավանդական ծեսերն ու խորհուրդները։

Վարդավառ փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը կարևորելով ազգային տոնը ընդգծում է՝ «Վարդավառն ավելին է, քան պարզապես միմյանց վրա ջուր լցնելու տոնախմբություն։ Այն մեր ինքնության, հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության և հոգևոր արժեքների խտացումն է։ Մեր նպատակն է, որ երիտասարդներն այսօր ոչ միայն զվարճանան, այլև ճանաչեն ու իրենց հոգում կրեն այն խորհրդանշանները՝ խնձորօրհնեքից մինչև հասկի փունջ, որոնք մեզ են փոխանցել մեր նախնիները։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես է տարեցտարի ընդլայնվում փառատոնի աշխարհագրությունն ու մասնակիցների շրջանակը՝ այս պատմական միջավայրում միավորելով տարբեր համայնքների, ստեղծագործական խմբերի, հազարավոր զբոսաշրջիկների և երիտասարդ կամավորների, ովքեր այս գաղափարի շարժիչ ուժն են։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին՝ այս փառատոնը համատեղ ջանքերով սրբատեղի հանդիսացող հուշարձանների մոտ կյանքի կոչելու համար»։

Տոնական օրվա մեկնարկն ազդարարվել է Գեղարդի վանական համալիրից, որտեղ մատուցվել է Սուրբ Պատարագ, կատարվել է երիտասարդության օրհնության կարգ և ավանդական ջրօրհնեք (ջրցանություն)։

Տոնակատարությունը շարունակվել է Գառնիում՝ հագեցած մշակութային հայտագրով, ուրախ երգ ու պարով, ավանդական խաղերով (Աքլորակռիվ, Յոթ քար, Գոտիների խաղ) և, անշուշտ, տոնի անբաժանելի մասը կազմող ջրոցիով։

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի ոլորտի պատասխանատուՄարի Հովակիմյանն էլ նշում է, որ «Կոտայքի մարզպետի աշխատակազմի համար առաջնահերթություն է՝ մարզում մշակութային կյանքի աշխուժացումն ու զբոսաշրջային ներուժի բացահայտումը։ «Վարդավառ» երիտասարդական փառատոնը, որն արդեն ավանդական է դարձել Գառնիում և Գեղարդում, լավագույնս համադրում է պատմական ժառանգության պահպանությունն ու կենդանի մշակույթը։ Մենք հպարտ ենք աջակցել այս նախաձեռնությանը, որն այսօր համախմբել է մարզի տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին՝ Նոր Հաճընից, Չարենցավանից, Հրազդանից, Նաիրիից ու Արզնիից։ Հատկապես ողջունելի է փառատոնի ներառականությունը, ինչի վառ ապացույցն է ասորական համայնքի այսօրվա տպավորիչ մասնակցությունը։ Սա սիրո, բարության և մշակութային բազմազանության իսկական տոն է»։

Այս տարվա փառատոնն առանձնանում է իր բազմամշակութային ձևաչափով. 2026 թվականի փառատոնին առաջին անգամ միացել է ասորական համայնքը՝ ներկայացնելով իր ուրույն մշակութային ժառանգությունը։

«Այսօրվա տեղեկատվական հեղեղի մեջ չափազանց կարևոր է ճիշտ և թիրախային հաղորդակցության միջոցով աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի յուրահատկությունն ու ազգային տոների խորքային փիլիսոփայությունը։ «Վարդավառ» փառատոնը հանրային կապերի տեսանկյունից հզոր հարթակ է, որը համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող Գառնիի և Գեղարդի համատեքստում բրենդավորում է Հայաստանը որպես հարուստ ավանդույթներով, բայց միևնույն ժամանակ երիտասարդական, դինամիկ ու բազմամշակութային երկիր։ Սփյուռքի և ՀՀ տարբեր համայնքների մասնակցությունն ու մշակութային խմբերի ներգրավվածությունը PR տեսանկյունից հստակ ուղերձ է առ այն, որ մշակութային ժառանգությունը կարող է դառնալ հասարակական համերաշխության և մշակութային երկխոսության լավագույն կամուրջ», -նշում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Միջոցառման գլխավոր գործընկերներն ու աջակիցներն են՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը, Գառնիի համայնքապետարանը, Հայկական Փի Ար ասոցիացիան, Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը և Հայ առաքելական եկեղեցին։

Կարդացեք նաև

Back to top button