
Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացված հանրային քննարկման ընթացքում ներկայացվել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերը:
Նպատակն է ձևավորել առավել արդյունավետ, կայուն և կենսունակ համայնքային միավոր, օպտիմալացնել եղած ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:
Միավորումից հետո ստեղծվող խոշորացված համայնքը կներառի Վանաձոր քաղաքը և Փամբակ բազմաբնակավայր համայնքի մեջ մտնող բոլոր գյուղական բնակավայրերը (Բազում, Մարգահովիտ, Դեբետ, Շահումյան, Վահագնի և այլն)՝ ընդհանուր 22 բնակավայր:
Հանրային քննարկմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների, վարչական բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հանրային քննարկման ընթացքում ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթները:
Պաշտոնյաներն ընդգծել են նաև, որ համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։




