ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների առաջնահերթությունները՝ անդրադառնալով կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, կարողունակությունների վրա հիմնված կրթությանը և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։

Անդրադարձ է եղել նաև դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ հաշվի առնելով այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հաջողված փորձը և կրթության հասանելիության ապահովման գործում դրա արդյունավետ կիրառումը։ Կարևորվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կողմերը կարևորել են երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Այս համատեքստում ընդգծվել են բարձրագույն կրթության, գիտահետազոտական համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ վերապատրաստման ծրագրերի, կրթաթոշակների, տեխնիկական և մասնագիտական կրթության, ինչպես նաև որակավորումների փոխճանաչման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։

Մոհամմադ Ալ Քասիմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի կրթական բարեփոխումների և կրթության թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկենաձեի հետ և Մոնտենեգրոյի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Ստոյանովիչի հետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի նախադպրոցական և դպրոցական կրթության նախարարի առաջին տեղակալ Շերզոխ Կարիմովի, Լատվիայի կրթության և գիտության նախարար Իլզե Ինդրիկսոնեի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կրթության նախարարության միջազգային համագործակցության հարցերով նախարարի տեղակալ Լատիֆա Ալ-Ֆարյանի և Օմանի կրթության նախարարության կրթական աջակցության ծրագրերի գծով փոխնախարար  Ինտիսար Աբդուլլահ Սուլեյման Ալ-Ամբուսայիդի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, կրթական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։ 

Կարդացեք նաև

Back to top button