
Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մշտադիտարկման մարմինը՝ ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը, հրապարակել է Հայաստանի՝ փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի վեցերորդ փուլի գնահատման հաշվետվությունը։ Այն «Ռադիոլուրին» տրամադրել է հանձնախմբի մամուլի քարտուղար Տատյանա Բաևա-Ֆրեչընը։ Զեկույցը պատրաստած փորձագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ բարելավելով ռիսկերի գնահատման համակարգը, միջազգային համագործակցությունը և ֆինանսական վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, զեկույցում մատնանշվում են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք դեռևս պահանջում են հետևողական լուծումներ։
Եվրոպայի խորհրդի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մշտադիտարկման մարմնի՝ ՄԱՆԻՎԱԼ-ի հրապարակած զեկույցը փաստում է, որ Հայաստանը շարունակում է այս ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Փորձագետները դրական են գնահատում հատկապես վերջին տարիներին իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք ուղղված են փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելմանը։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններն էականորեն բարելավել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալումը։ Ազգային ռազմավարությունն ու պետական քաղաքականությունը գնահատվել են բավարար, իսկ հիմնական սպառնալիքներն են համարվել կոռուպցիան, խարդախությունները, յուրացումները, հարկային հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունները։ Միաժամանակ փորձագետները նշում են, որ անհրաժեշտ է ավելի խորությամբ գնահատել արտաքին ռիսկերը, ինչպես նաև վիրտուալ ակտիվների հետ կապված վտանգները։ Մեջբերում զեկույցից․
«Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման գործում, սակայն անհրաժեշտ է առավել խորքային վերլուծել արտաքին սպառնալիքները, ինչպես նաև վիրտուալ ակտիվների և անշարժ գույքի ոլորտներում առկա ռիսկերը»։
Փորձագետները դրական են գնահատում նաև Հայաստանի միջազգային համագործակցությունը՝ նշելով, որ իրավասու մարմինները ժամանակին և արդյունավետ աջակցություն են ցուցաբերում օտարերկրյա գործընկերներին, հատկապես կոռուպցիոն գործերի քննության ընթացքում։ Բարձր գնահատականի է արժանացել նաև Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատանքը։
Միաժամանակ զեկույցում նշվում է, որ մասնավոր հատվածից ներկայացվող կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդումների քանակն ու որակը պետք է բարելավվեն, իսկ իրավապահ մարմինները՝ ավելի մեծ ուշադրություն դարձնեն փողերի լվացման հանցակազմի բացահայտմանը։
«Ֆինանսական հետախուզության համակարգը գործում է արդյունավետ, սակայն մասնավոր հատվածը պետք է ավելի ակտիվ հաղորդի կասկածելի գործարքների մասին, իսկ իրավապահ մարմիններն առավել հետևողական քննեն փողերի լվացման դեպքերը»։
Հաշվետվության առանցքային դիտարկումներից մեկը վերաբերում է քրեական հետապնդումների արդյունավետությանը։ Թեև վերջին տարիներին ավելացել են փողերի լվացման գործերով քննություններն ու դատական վարույթները, դատավճիռների թիվը դեռևս սահմանափակ է։ Փորձագետների կարծիքով՝ համակարգը շարունակում է կենտրոնանալ հիմնական հանցագործությունների վրա, մինչդեռ փողերի լվացման դեպքերը պետք է քննվեն որպես ինքնուրույն հանցագործություն։
«Չնայած իրականացված բարեփոխումներին՝ փողերի լվացման գործերով դատապարտումների թիվը շարունակում է մնալ ցածր։ Համակարգը պետք է ավելի արդյունավետ կիրառի գործող իրավական գործիքները և բարձրացնի քրեական հետապնդումների արդյունավետությունը»։
Եվրոպայի խորհրդի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մշտադիտարկման մարմինն անդրադառնում է նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերմանն ու բռնագանձմանը։ Թեև այս ոլորտում իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ներդրվել է քաղաքացիական բռնագանձման մեխանիզմը, փորձագետների գնահատմամբ, փաստացի արդյունքները դեռևս բավարար չեն։
«Հայաստանը ստեղծել է հանցավոր ակտիվների վերադարձի անհրաժեշտ իրավական հիմքերը, սակայն ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման գործնական արդյունքները դեռևս չեն համապատասխանում ակնկալիքներին։ Անհրաժեշտ է ամրապնդել ամբողջ համակարգի արդյունավետությունը»։
Միաժամանակ զեկույցում առանձնացվում է Հայաստանի հաջողությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված նպատակային ֆինանսական պատժամիջոցների կիրառման հարցում։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ այս ոլորտում ձևավորված համակարգն արդյունավետ է և ապահովում է պետական մարմինների պատշաճ համագործակցությունը։
Գնահատման արդյունքում ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանի համար սահմանել է երեք տարվա գործողությունների ճանապարհային քարտեզ։ Այդ ընթացքում իրականացվելիք բարեփոխումների արդյունքներն էլ հիմք կդառնան հաջորդ գնահատման համար, որը նախատեսված է 2029 թվականին։
ՄԱՆԻՎԱԼ-ի զեկույցը, ըստ փորձագետների, ցույց է տալիս, որ Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ ձևավորելու ուղղությամբ զգալի ճանապարհ է անցել։ Սակայն հաջորդ փուլում վճռորոշը ոչ թե նոր օրենքների ընդունումն է, այլ դրանց արդյունավետ կիրառումը, որպեսզի փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները տեսանելի լինեն նաև քրեական հետապնդումների և հանցավոր ակտիվների վերադարձի ոլորտներում։




