
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո աշխարհաքաղաքական մտավախությունները ոչ թե փարատվեցին, այլ ավելացան։ Դաշինքի անդամ երկրները կարծում են, որ Ռուսաստանը Ուկրաինայից հետո կպատրաաստվի Եվրոպայի դեմ պատերազմի։ Կարծիքներ կան, որ ԵՄ երկրները պետք է համագործակցեն արդեն փորձառու Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանին դիմակայելու համար, առավել ևս, որ ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրել Կիևին։
Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ու սկսվեցին վերլուծությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիա է տրամադրում ռուսական հրթիռային հարձակումներին հակազդելու համար։ Թրամփը դա մեծ հաջողություն է համարում Ուկրաինայի համար․
«Տեսեք, դա պաշտպանական զենք է, որն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան հարձակողական զենքը։ Այն լավագույնն է։ Մի փոքրիկ թռչնակ ինձ ասաց, որ մենք նրանց կտանք Patriot-ներ արտադրելու իրավունք։ Մենք նրանց կցույց տանք, թե ինչպես դա անել։ Ահա թե ինչ ասաց փոքրիկ թռչնակն ինձ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան, գոհունակություն է հայտնում Թրամփին և հստակեցնում, որ Ուկրաինան լրացուցիչ օդային պաշտպանության համակարգերի և ռազմական օգնության կարիք ունի․
«Հակաօդային պաշտպանությունը առաջնահերթություն է։ Երկրորդ կետը, կամ գուցե առաջինը, վերաբերում է բանակցություններին։ Կարծում եմ՝ այո, մենք հասկանում ենք թե ինչպես խաղաղություն հաստատել և վստահ եմ, որ դուք ամեն ինչ կանեք այս պատերազմը դադարեցնելու համար»։
Թրամփը հետաքրքրվում է՝ Զելենսկին կայցելի՞ Մոսկվա Պուտինի հետ բանակցելու համար։ Ուկրաինայի նախագահը հարցին հումորով է պատասխանում․
«Դժվար է, այնտեղ շատ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր կան։ Ինձ համար վտանգավոր է, վտանգավոր»։
Կիևին Patriot համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրելու մասին հայտարարությունից հետո չի ուշացել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքը։ Նա Վաշինգտոնի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ երկիմաստ է համարել․
«Ինչ վերաբերում է Patriot-ներին, այո, ակնհայտ փաստ է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մեծ մասշտաբով զենք և ռազմական տեխնոլոգիաներ մատակարարել Ուկրաինային։ Դա իսկապես այդպես է, մենք լավ գիտակցում ենք դա։ Մենք իրավիճակին վարդագույն ակնոցներով չենք նայում, և նախագահ Պուտինը լիովին գիտակցում է դա»։
Պեսկովը նաև նշում է, որ գնահատում է Թրամփի վարչակազմի ջանքերը՝ խաղաղության հասնելու համար։ Ըստ նրա՝ ի տարբերություն եվրոպացիների, Միացյալ Նահանգները պահպանում է խաղաղության գործընթացին նպաստելու ցանկությունը։
Միջազգային մամուլը, ի մի բերելով բոլոր ձևակերպումներն ու Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների տրամադրությունները, գրում է, որ Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում չի կարող հույսը դնել Թրամփի վրա և, որ Ուկրաինան իր փորձառու բանակով Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարող է դառնալ խաղաղության պահպանման բանալի։
Գերմանական լրատվամիջոցները գրում են, որ չնայած եվրոպացիները ամեն ինչ անում են Թրամփին հանգստացնելու համար, սակայն չպետք է հույսը դնեն նրա աջակցության վրա։
Մամուլը հիմնականում արձանագրում է, որ Անկարայում ևս մեկ անգամ Ռուսաստանը պիտակավորվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների խաղաղությունը վտանգող սպառնալիք։ Բայցի այդ շեշտվում է, որ պետք է շարունակվի աջակցությունը Ուկրաինային ։
Süddeutsche Zeitung-ի գնահատմամբ «եվրոպացիները միշտ պետք է պատրաստ լինեն, որ Թրամփը կխզի իրենց հետ կապերը զայրույթի պահին»։ «Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի եվրոպացիներին ռուսական հարձակման դեպքում։ Այնպես, որ եվրոպացիները պետք է դառնան ուժեղ և անկախ», — նշվում է վերլուծականում։
Միջազգային մամուլում քիչ չեն նաև կարծիքները, որ Թրամփը թշնամաբար է վարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ։
«Նա չի զիջում Դանիային պատկանող Գրենդլանդիայի հարցում և քննադատում է եվրոպացիներին Իրանի դեմ պատերազմին չմասնակցելու համար։ Նա գագաթնաժողովում նույնիսկ սպառնացել է խզել առևտուրը Իսպանիայի հետ՝ այդ երկիրը անվանելով «սարսափելի գործընկեր», — գրում է Der Spiegel։
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկնաբանել Թրամփի՝ Եվրոպայից հեռանալը որպես Եվրոպայի դեմ ռազմական արշավ սկսելու հրավեր։
«Պուտինը վաղուց զինվում է դրա համար։ Եվ հենց որ զենքերը լռեն Ուկրաինայում, նա կարող է իր դիվիզիաները ուղարկել մեկ այլ պատերազմի», — ակնարկում է AP:




