
20-րդ դարի աշխարհի լավագույն կոնտրալտոներից մեկի՝ Լիլի Չուքասզյանի գեղեցիկ և հզոր ձայնը հնչել է ամենահայտնի օպերային բեմերում. նրան նվագակցել են աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերը, նա աշխատել է հռչակավոր դիրժորներ Ջորջ Սոլտիի, Լեոնարդ Բերնշտեյնի, Զուբին Մեթայի, Հերբերտ ֆոն Կարայանի հետ:
Լիլիի առաջին բեմելը 1959-ին էր՝ Բելինիի «Նորմա» օպերայում Ադալգիզայի դերերգով: Նա զավակն էր 1909-ի կոտորածներից հետո Հայկական Սեբաստիայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթած մտավորական ծնողների: Ծնվել է 1921 թ. օգոստոսի 1-ին, Չիկագոյում: Դպրոցի հանդեսները և հայկական եկեղեցական արարողությունները նրա երգեցողության առաջին ասպարեզներն էին: Իր օպերային կարիերան նա սկսեց 1940-ից՝ մինչ այդ դասեր առնելով հանրահայտ դաշնակահար և երգիչ Ֆիլիպ Մանուելից:
1967 թվականին Լիլի Չուքասզյանն առաջին անգամ Հայաստանում էր: 25 օրվա ընթացքում նա 5 անգամ բեմ ելավ «Աիդա» օպերայում՝ Ամներիսի դերով, 3 անգամ Փառանձեմն էր «Արշակ Բ»-ում: Այս ծավալուն դերերգը նա հասցրել էր սովորել օդանավի մեջ, մինչ Նյու Յորքից կհասներ Երևան: Այստեղ, բացի օպերային բեմից, նա հանդես եկավ սիմֆոնիկ, կամերային, լարային նվագախմբերի հետ: Գոհար Գասպարյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում կատարեց Եկմալյանի Պատարագը:
«Լիլի Չուգասզեան երգում է թաւջութակի ազնուութեամբ: Նրա ձայնը փափուկ է ու ներս թափանցող, քնքոյշ ու, հզօրութեամբ հանդերձ, զարմանալիօրէն ճկուն»՝ գրեց Ստամբուլի «Քուլիս» հայկական պարբերականը:
1967-ի Հայաստան այցի ժամանակ էլ Լիլի Չուքասզյանն իր չքնաղ ձայնը ի պահ տվեց Հայաստանի ձայնասփյուռի ոսկե ֆոնդին: Այսօր Հանրային ռադիոյում պահվում են մեծ երգչուհու օպերային, կամերային, հայկական երգերի հրաշալի կատարումները:
Բեմը թողնելուց հետո Լիլին երկար տարիներ դասավանդեց Եյլի նշանավոր համալսարանում: Մահացավ 91 տարեկան հասակում՝ 2012-ի ապրիլի 9-ին:
Իրենից հետո մնացին իր երեք զավակները և մի գեղեցիկ պատմություն խիզախ ու տաղանդավոր մարդու մասին, որը երիտասարդ տարիքում հաղթահարել էր քաղցկեղը, բեմ բարձրացել, ապշեցրել հանդիսականին իր բելկանտոյով և ամեն քաղաքում թողել իր սերը հանդիսատեսի հանդեպ:




