
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց-2026»-ը հիմնված է հասանելի վերջին տվյալների վրա և քարտեզագրում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց բախվում են երեխաները: Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։
Առաջին անգամ զեկույցը հստակ ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ինտենսիվությամբ են բազմաթիվ և փոխկապակցված կլիմայական վտանգներն ազդում երեխաների ու նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև մատնանշում է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել այդ մարտահրավերները հասցեագրելու համար։ Ըստ փորձագետների՝ ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը։
Ընդհանուր պատկերը՝ Յունիսեֆի փորձագետ Տիգրան Թովմասյանի գնահատմամբ․ «Շատ կարևոր է հասկանալ՝ երեխայի ֆիզիկական զարգացման վրա կլիմայական վտանգներն անմիջական ազդեցություն են ունենում, նաև զարգացնում են հիվանդություններ՝ շնչառական, ոչ վարակիչ հիվանդություններ՝ մալարիա և այլն, թերսնուցման խնդիր է առաջանում։ Կարող են առաջանալ խրոնիկ առողջապահական խնդիրներ, շոգի պատճառով՝ ջրազրկման խնդիրներ։ Այսուհանդերձ, բոլոր վտանգները երեխաների վրա հոգեբանական ազդեցություն են ունենում»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական՝ առնվազն երկու վտանգի ազդեցության, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի։ Ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։ Ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։




