ԿարևորՀասարակություն

Առաջարկվում է փոփոխել պատգամավորների երդման տեքստը

Հուլիսի 2-ին գումվարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում:

Նախագծի հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով նախագիծը նպատակ ունի երդման մեջ առանցքային տեղ հատկացնել պետականության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նշվել է, որ գործող տեքստը կարիք ունի արդիականացման՝ արտացոլելու համար ժամանակակից պետականաշինության առաջնահերթությունները: Նոր առաջարկվող խմբագրմամբ պատգամավորը երդվում է գործել հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման:

Զեկուցողն ընդգծել է, որ ազգային իղձերը պետության կայացման պահից սկսած վերածվում են պետական շահերի, եւ օրենսդիր մարմնի ներկայացուցչի հիմնական գործառույթը հենց այդ շահերի պաշտպանությունն է: Ի տարբերություն գործող տեքստի՝ նոր տարբերակում հստակ ամրագրվում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը, ըստ զեկուցողի, պետք է լինի պատգամավորի գործունեության հիմքում: Երդման տեքստը նախատեսվում է եզրափակել «Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը» կոչով՝ հարգանքի տուրք մատուցելով պետականության համար իրենց կյանքը տված անձանց:

Առաջարկվող նոր երդման տեքստն ունի հետեւյալ բովանդակությունը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը եւ շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Փոփոխությունների նպատակն է սահմանադրական օրենքի մակարդակով ամրագրել այն գաղափարախոսությունը, որ պատգամավորը, որպես պետական պաշտոնյա, պետք է ոչ թե առաջնորդվի վերացական նպատակներով, այլ իր ամբողջ գործունեությամբ նպաստի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, քաղաքացիական համերաշխությանը եւ բարեկեցությանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը, իսկ Կառավարության դրական դիրքորոշումը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Կարդացեք նաև

Back to top button