Հայաստանի ազգային պատկերասրահն այսօր վերաիմաստավորում է իր դերն ու առաքելությունը՝ ձգտելով դառնալ առավել բաց, դինամիկ, միջազգային չափանիշներին համահունչ: 2020 թվականից պատկերասրահը ղեկավարող Մարինա Հակոբյանի պաշտոնավարումն աչքի է ընկնում աննախադեպ ակտիվ ցուցահանդեսային գործունեությամբ։ Այս ժամանակահատվածում ֆոնդերում տասնամյակներով փակված մնացած կամ հազվադեպ ցուցադրվող ստեղծագործությունները դարձան թեմատիկ նախագծերի հիմք՝ ժամանակի թելադրանքին համահունչ։
Պատկերասրահի նոր քաղաքականության հիմքում ընկած է հիմնադիր Ռուբեն Դրամփյանի ավանդույթների շարունակականությունը, նա հավաքածուն ձևավորելիս կարևորում էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի ներկայացումը: Լինելով շրջահայաց ու առաջադեմ մտավորական՝ նա ակադեմիական դասական արվեստին զուգահեռ մեծ տեղ էր հատկացնում նաև իր ժամանակի ժամանակակից արվեստին։ Ինչպես նշում է Մարինա Հակոբյանը, այսօր ևս թանգարանի առաջնահերթություններից է հավաքածուն ժամանակակից գործերով համալրելը և միջազգային արվեստային շուկայում սեփական դիրքերի ամրապնդումը:
Թանգարանային նոր ռազմավարության կարևոր մարտահրավերներից է հասարակության ընկալման փոփոխությունը, որպեսզի պատկերասրահը լինի առավելագույնս հասանելի ու բաց այցելուների համար: Միաժամանակ, կառույցը ստանձնել է մշակութային դիվանագիտության կարևոր առաքելություն։ Դրա վառ օրինակն է երկարատև բանակցությունների արդյունքում Ղազախստանի ազգային պատկերասրահից Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավի ժամանակավոր տեղափոխումը Հայաստան, ինչը բարդ գործընթաց էր, քանի որ այն տեղի հավաքածուի մշտական ցուցադրության առանցքային գանձերից է։ Բացի այդ, համագործակցության հեռանկարային ծրագրեր են մշակվում Լոնդոնի ազգային պատկերասրահի և Պոմպիդու կենտրոնի հետ, որի հետ վերջերս ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Ժամանակակից թանգարանային քաղաքականության մաս է կազմում նաև խոշոր ցուցադրությունների բրենդավորումը՝ հուշանվերների և հատուկ հրատարակությունների տեսքով: Ազգային պատկերասրահը նպատակ ունի ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ այցելուների համար բացահայտելով թանգարանային ետնաբեմը, մասնավորապես՝ ձևավորելով վերականգնման բաց արվեստանոց: Այս ամենի կողքին թանգարանի գլխավոր խնդիրներից է մնում կոմերցիոն բաղադրիչի և գիտական ու կրթական գործունեության միջև ճիշտ հավասարակշռության պահպանումը։




