Որպես էկոլոգիապես մաքուր և էներգաարդյունավետ այլընտրանք՝ ակնհայտ է, որ էլեկտրամոբիլներն ավտոմոբիլաշինության ապագան են։ Օր օրի փոփոխվելով, զարգանալով ու էլ ավելի կատարելագործվելով՝ էլեկտրական տրանսպորտը դարձել է համաշխարհային ավտոարտադրության կարևոր ուղղություններից մեկը՝ իր կայուն տեղը գրավելով աշխարհի շատ երկրների գիտատեխնիկական, բնապահպանական և էներգետիկական առաջնահերթ պետական ծրագրերում:
Այսօր երթևեկության մեջ էլեկտրական մեքենաներ կարելի է հանդիպել հաճախակի. ոլորտն ակտիվորեն զարգանում է, պահանջարկն ու վաճառքը՝ աճում:
«Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում». նոր մասնագիտություն՝ ժամանակին համընթաց, անչափ օգտակար ու աշխատաշուկայում խիստ պահանջված միջին մասնագիտական կրթական ծրագիր։ Ստանալով որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն՝ էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման մասնագետները հմտորեն կախտորոշեն և կվերանորոգեն ցանկացած անսարքություն՝ ապահովելով տրանսպորտային միջոցի հուսալի շահագործում:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) տրանսպորտային միջոցների և գործընթացների ամբիոնի վարիչ Սուրեն Չիբուխչյանը:




