ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ոչ միայն ռազմական, այլև ֆինանսական, քաղաքական ու իրավական հարվածներ․Ուկրաինան ու ԵՄ-ն մեծացնում են ճնշումը Ռուսաստանի վրա

ԵՄ-ն հավատում է Ուկրաինայի ապագային ու աջակցում է հնարավոր բոլոր միջոցներով․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Կիևին 90 մլրդ եվրո տրամադրելու պատրաստակամության մասին։ Այդ գումարը կհատկացվի երկու տարվա ընթացքում։ Մինչև այդ տրամադրվելու է 3,2 մլրդ եվրոյի մակրոօգնություն։

Եվրամիության խորհուրդն էլ որոշել է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ ԵԽԽՎ-ն էլ բանաձևեր է ընդունել միջազգային բռնաճնշումների դեմ պայքարի վերաբերյալ, որոնք առնչվում են նաև Մոսկվային։ Մանրամասնում է ը։

Միանգամից մի քանի հարված՝ Մոսկվային ԵՄ-ից  և Ուկրաինայից։

Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի խորքում գտնվող ևս երկու նավթավերամշակման գործարանի։ Զանգվածային հարվածներ են հասցվել Տուլայի մարզին, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր։

Արևմտյան պաշտոնյաներն ու վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինայի ապագան բարելավվել է, չնայած ավելի քան չորս տարվա հյուծիչ պատերազմին։

Ուկրաինական հարձակումներն անպատասխան չեն մնացել։ Ռուսական բալիստիկ հրթիռները Կիևում հրդեհներ են առաջացրել։

Սակայն Ռուսաստանին հարվածում են ոչ միայն հրթիռներով։ ԵՄ-ն հաստատել է ֆինանսական աջակցության առաջին փուլն Ուկրաինային ու երկարաձգել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ։։

ԵՄ-ն Ուկրաինային է տրամադրել 90 միլիարդ  եվրո վարկի առաջին տրանշը՝ ավելի քան 3 միլիարդ եվրո։

Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված Գդանսկի համաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն գոհունակություն է հայտնել աջակցության համար․

«Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել եվրոպացի գործընկերներին Ուկրաինայի համար կարևորագույն 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության համար։ Մենք հիանալի նորություններ ունենք՝ 3.2 միլիարդ եվրոյի առաջին վճարման մասին հայտարարվում է այսօր: Եվ այդ գումարը կօգնի մեզ մեր պաշտպանությունը ամրապնդելու, կօգնի մեզ պահպանելու մակրոտնտեսական կայունությունը երկրի ներսում և վերականգնելու մեր էներգետիկ համակարգը ջեռուցման նոր սեզոնից առաջ»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն․

«Վաղվա բարգավաճ Ուկրաինան այսօր կարիք ունի մեծ ներդրումների։ Ռուսաստանի լիարժեք ներխուժման սկզբից ի վեր Եվրամիությունը և անդամ պետությունները տրամադրել են 200 միլիարդ եվրո տնտեսական, ֆինանսական և ռազմական աջակցություն։ Եվ Ուկրաինայի աջակցության վարկով մենք կտրամադրենք ևս 90 միլիարդ եվրո հաջորդ երկու տարվա ընթացքում։ Եվ իսկապես, այսօր մենք փոխանցում ենք այս վարկի առաջին տրանշը՝ դա ճիշտ 3.2 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն է։ Ես ուրախ և հպարտ եմ այսօր հայտարարել այս հատկացման մասին»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հիշեցրել է, որ գումարը հատկացվում է Ուկրաինայի վերականգնման համար, ինչի մասին խոստացել էր ԵՄ-ն․

«Այսօր այստեղ՝ Գդանսկում, մենք կատարում ենք մեր խոստումները: Հիմնադրամը միավորում է Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան։ Մենք ցանկանում ենք մոբիլիզացնել զգալի մասնավոր ներդրումներ Ուկրաինայի տնտեսության ռազմավարական ոլորտներում՝ ենթակառուցվածքներում, էներգետիկայում, արդյունաբերությունում, լոգիստիկայում: Դրա պատճառը բավականին պարզ է: Միայն պետական ֆինանսավորումը երբեք բավարար չի լինի վերակառուցելու համար այն երկիրը, որը նման զանգվածային ավերածությունների է ենթարկվել: Հիմա ներդրումներ կատարելով և երկարաժամկետ կապիտալ ներդնելով՝ Եվրոպան հստակ ուղերձ է հղում՝ մենք հավատում ենք Ուկրաինայի ապագային եվրոպական ընտանիքում»:

Ի դեպ՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովին մասնակցել է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Եվրամիության խորհուրդն էլ մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Սահմանափակումները  կգործեն մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը և հարկ եղած դեպքում դարձյալ կերկարաձգվեն։ Դրանք հիմնականում վերաբերում են առևտրին, ֆինանսական ու էներգետին ոլորտներին, մասնավորապես ռուսական նավթի արտահանմանը։

Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն էլ բանաձևեր են ընդունել միջազգային բռնաճնշումների դեմ պայքարի վերաբերյալ, որոնք առնչվում են նաև Մոսկվային։ Միջազգային մամուլն այս համատեքստում փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Եվրոպան կօգնի իրենց երկրից փախած Ռուսաստանի քաղաքացիներին։

Երկու շաբաթվա ընթացքում նախ՝ Եվրոպական խորհրդարանը ապա նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեցին համանման բանաձևեր, որոնք վերաբերում են Եվրոպայում բնակվող այն օտարերկրացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքների և գործունեության պատճառով իրենց կառավարությունների կողմից բռնաճնշումների են ենթարկվում։

Հունիսի 16-ին Եվրոպական խորհրդարանը, իսկ նախօրեին էլ՝ ԵԽԽՎ-ն, կոչ արեցին պայքարելու միջազգային բռնաճնշումների դեմ և ստեղծելու դրա համար իրավական հիմք: Ըստ եվրոպական այդ կառույցների՝ բռնաճնշումները ենթադրում են քաղաքական հակառակորդներին, ակտիվիստներին, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին և նրանց ընտանիքի անդամներին հետապնդելու, վախեցնելու, սպանելու, լռեցնելու, առևանգելու քայլեր։

Նշվում է, որ որոշ պետություններ չարաշահում են միջազգային մեխանիզմները և վերը նշված կատեգորիայի անձանց «ահաբեկիչ» որակում, այնուհետև Միջազգային քրեական ոստիկանության ՝ Ինտերպոլի կողմից արտահանձնման համար հետախուզվողների ցուցակում ընդգրկում։

Բանաձևը ընդգծում է, որ որոշակի հանգամանքներում ազգային իշխանությունների կողմից անձին հետախուզվողների ցուցակ ներառելու կամ անձին ձերբակալելու՝ Ինտերպոլին ուղղված հարցումները պետք է քննվվեն հատուկ զգուշությամբ, քանի որ դրանք կարող են քաղաքական հետապնդումներ լինեն:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ Չինաստանը, Թուրքիան, Բելառուսը և Ռուսաստանը ամենաակտիվն են նման ճնշումների հարցում։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ բացահայտել էին, որ վերջին 10 տարում ռեկորդային թվով բողոքներ են ներկայացվել ընդդեմ Ինտերպոլին ուղղված Ռուսաստանի հարցումների: Ռուսաստանի կողմից հետախուզվող առնվազն 700 անձ դիմել է Ինտերպոլի գործերի վերահսկման հանձնաժողով (CCF), որը ներքին անկախ վերահսկողական մարմին է, և նրանցից առնվազն 400-ը հաջողությամբ հեռացրել են իրենց անունները հետախուզվողների ցուցակից:

Նման չարաշահումները կանխելու համար ԵԽԽՎ-ն առաջարկում է ավելացնել Ինտերպոլի ֆինանսավորումը և ստեղծել չարաշահումները կանխող հատուկ ծառայություն։

Կարդացեք նաև

Back to top button