Կոմիտասի թանգարան-ինստիտուտը տասնմեկ տարեկան է և իր ստեղծման օրվանից ծառայում է մեծ երգահանի ժառանգության հանրահռչակմանը։ Թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը, նշում է, որ կոմիտասագիտության լավագույն ավանդույթների պահպանմանը զուգահեռ, կարևոր է վերանայել նաև ժամանակի ընթացքում ձևավորված որոշ կարծրատիպերն ու թյուր ընկալումներ։
Այս համատեքստում թանգարանը շուտով լույս կընծայի ֆրանսաբնակ հոգեբույժ Լուիս Ֆով–Հովհաննիսյանի ուսումնասիրությունը, որը հեղինակն իրականացրել է հոգեբուժարանի կոմիտասյան արխիվներում։ Այս գիրքը հնարավորություն կտա վերջնականապես փակել Կոմիտասի «խելագարության» կոպիտ վարկածը։ Գիրքը փաստում է, որ Կոմիտասը չի տառապել շիզոֆրենիայով և չի եղել այն «խելագարը», որի կերպարը տասնամյակներ շարունակ հրամցվել է գեղարվեստական գրականության, կերպարվեստի կամ այն հուշագորությունների ու հետազոտությունների մեջ, որտեղ առասպելն ավելի շատ է, քան իրականությունը։
Ընթերցողը կտեսնի Կոմիտասի իրական՝ լուսավոր ու պայծառ կերպարը, մեծ արվեստագետին, որը պատմական վայրիվերումների պատճառով հեռացել է հայրենիքից և կյանքի վերջին տարիներն անցկացրել մենության մեջ։ Ժառանգության հանրահռչակման հաջորդ կարևոր քայլը կլինի արխիվային նյութերի վրա հիմնված «Կոմիտասի դաշնամուրային պարերը» հրատարակությունը։ Լուսինե Սահակյանը հիշեցնում է Կոմիտասի հայտնի խոսքերը. «Մեր երգը մեղկ և տխուր չէ, այլ համակ ուժ և եռանդ է»։
Կոմիտասյան երգերի բազմազանությունը՝ ծիսական, վիճակի, քնարական, սիրո և բնության գովերգերն արտացոլում են նրա բնապաշտ էությունը, կենսախինդ, կենսուրախ, հումորով և թատերական տարրերով հարուստ կերպարը։ Այս ուղղությամբ աշխատելով՝ մենք կբացահայտենք բոլորովին նոր Կոմիտաս։ Այսօր թանգարան-ինստիտուտ այցելողները հաղորդակից են դառնում ոչ միայն պատմությանը, այլև դրա վերաիմաստավորմանը։ «Ես Կոմիտասի թանգարան ինստիտուտը համարում եմ Կոմիտասի տունը»,-ասում է Լուսին Սահակյանը։
Եվ ինչ է նշանակում արդիականացնել մեր պատմությունը․այն ենթադրում է հենց կոմիտասյան պատգամների շարունակականությունը։ Լինելով իր ժամանակի ամենալուսամիտ մարդկանցից մեկը՝ նա տիրապետում էր մի քանի լեզուների, ծանոթ էր տարբեր մշակույթների, նա հայ երաժշտությունը դուրս բերեց համաշխարհային ասպարեզ։ Գլոբալիզացիան մեծ իմաստով հենց մշակույթների երկխոսություն է, և այսօր էլ մեր գլխավոր առաքելությունն է հայ կոմպոզիտորական դպրոցի գանձարանն արժանավայել ներկայացնել աշխարհին։




