
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանն ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող կրթական ստորաբաժանում է, որն իրականացնում է 10-12-րդ դասարանների հանրակրթական ուսուցում: Այստեղ դասավանդում են ինչպես փորձառու ուսուցիչներ, այնպես էլ ՀԱԱՀ-ի հրավիրված դասախոսներ։
Վարժարանի հիմնական նպատակն է ապահովել աշակերտների մասնագիտական կողմնորոշումը դեպի ագրարային, տնտեսագիտական և տեխնոլոգիական ոլորտներ։ Ժամանակակից աշխարհում ճիշտ մասնագիտացումը հաջողության հասնելու գրավականն է։


«Մեր սովորողները բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացրել։ Մենք անգամ ծրագիր ենք ունեցել Զինվորի տան հետ։ Ջերմատնից ևս օգտվում ենք։ Երկու տարի առաջ Գիտության փառատոնին մասնակցեցինք և քիմիա առարկայախմբում ստացանք երկրորդ կարգի մրցանակ։ Հմուտ, բանիմաց մասնագետներ դառնալու համար հնարավորությունները շատ-շատ են, և այսօր էլ մենք փաստացի օգտվում ենք ոչ միայն նախարարության տրամադրած լաբորատորիաներից, այլև մեր ամենամեծ առավելությունն ագրարային ոլորտի բոլոր գործնական, հնարավոր լաբորատոր և արտադրական հնարավորություններին շատ ավելի սերտ ծանոթացումն է»,- ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը։

ՀԱԱՀ վարժարանը միջավայր է, որտեղ երեխաները 10-րդ դասարանից քայլ են անում դեպի իրենց իրական ապագան՝ ստանալով ոչ միայն հիմնարար գիտելիքներ, այլև գործնական հմտություններ։ Խորացված մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունն ու լեզուները, համալսարանական լաբորատորիաներն ու պրոֆեսիոնալ թիմն այս վարժարանը դարձնում են հիանալի ստարտային կետ ցանկացած պատանու համար, ով ցանկանում է հաջողության հասնել տնտեսագիտության, տեխնոլոգիաների կամ ճարտարագիտության ոլորտում:
«Հիմնականում ուսումնառության հիմքում դրված են կարողունակությունների չորս բաղադրիչներ, որոնց մեջ շատ կարևորվում է դիրքորոշումը և արժեհամակարգը, որն էլ փորձում ենք ապահովել այսօրվա սովորողների հետ։ Նաև մեծ ուշադրություն ենք դարձնում սովորողների՝ որպես քաղաքացու ձևավորման հարցին։ Հարկ է նշել նաև, որ մեր սովորողները կարող են ՀԱԱՀ հեռակա ուսուցման ընդունվել առանց քննություն հանձնելու։ Դա առավելություն է մեր վարժարանում սովորողների համար։ ՀԱԱՀ անվճար սովորողները հիմնականում գնացել են վարժարանից»,- ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի հումանիտար մասնախմբի ղեկավար Աշխեն Զախարյանը։
Վարժարանի հիմնական նպատակն է ապահովել աշակերտների մասնագիտական կողմնորոշումը դեպի ագրարային, տնտեսագիտական և տեխնոլոգիական ոլորտներ: Ուսուցումն իրականացվում է 10-րդ դասարանից՝ հետևյալ մասնագիտական հոսքերով․
- Տնտեսագիտական (մաթեմատիկայի և անգլերենի խորացված ուսուցում)
- Ագրոկենսաբանական (քիմիայի և կենսաբանության խորացված ուսուցում)
- Տեխնոլոգիական (մաթեմատիկայի և քիմիայի խորացված ուսուցում)
- Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։




