
Երևանի քաղաքապետարանում գոհ են Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքների տեմպերից ու վստահեցնում են, որ դրանք սահմանված ժամկետում ավարտին կհասցվեն։ Սակայն քաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցի վերանորոգման թեման միայն երթևեկությանը չի վերաբերում։ Մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ խնդիրներն ավելի խոր են․ Երևանի կամուրջների զգալի մասը տարիներ շարունակ շահագործվել է առանց պատշաճ սպասարկման և պահանջում է հրատապ միջամտություն։
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու, և ինչո՞ւ են մասնագետները խոսում մայրաքաղաքի կամրջային տնտեսության մտահոգիչ վիճակի մասին։
Կիևյան կամուրջն առաջիկա 2 ամիսներին փակ կլինի երթևեկության համար։ Կամրջի հիմնանորոգման պայմանների մասին Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագիրը հուշում է՝ մայրաքաղաքին սպասվում է, այսպես ասենք, լուրջ փորձություն, իսկ շինարարին՝ խիստ վերահսկողություն։
Երևանի քաղաքապետարանի և «ՊՐԵՏՈՐ» ընկերության միջև կապալային աշխատանքների գնման պայմանագիրը կնքվել է 2026 թ․ հունիսի 15-ին։ Գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 456 մլն դրամ է կամ ավելի քան 1,2 մլն դոլար։
Թեև պայմանագրով՝ շինարարության համար սահմանվել է 210 օրացուցային օր, սակայն քաղաքապետարանը հայտարարել է, որ կամուրջը փակ կլինի մինչև 2026-ի օգոստոսի 29-ը։ Ենթադրվում է, որ շինաշխատանքների հիմնական մասը կավարտվի մինչև նախանշված ժամկետը։
Հիմնանորոգման գրաֆիկով՝ համալիր աշխատանքներ են նախատեսվում՝ կամրջի և մոտեցումների նոր արգելապատնեշի, դեֆորմացիոն կարերի տեղադրումից մինչև կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում ու հարակից տարածքի բարեկարգում։
Պայմանագրով, ի դեպ, բավական կոշտ ֆինանսական լծակներ են սահմանվում որակի և ժամկետների վերահսկողության ու պահպանման համար։ Մասնավորապես նշվում է, որ ժամկետի խախտման յուրաքանչյուր օրվա համար կապալառուն կտուգանվի չկատարված աշխատանքի գնի 0,5 %-ի չափով։
Քաղաքապետարանը չի վճարի ընդհանուր գումարի 5 %-ը (մոտ 22,8 մլն դրամ) այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել հանձնման-ընդունման արձանագրությունը։ Աշխատանքների ամբողջական ընդունումից հետո կսահմանվի երաշխիքային ժամկետ՝ առնվազն 365 օրացուցային օր, որի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուն պարտավոր է վերացնելու իր հաշվին։
Արդեն 5 օր շարունակվող շինարարական աշխատանքների տեմպից Երևանի քաղաքապետարանում գոհ են։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կամրջի հիմնանորոգման աշխատանքներին է անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով սահմանված ժամկետում դրանք ավարտին հասցնելը․
«Տեմպը բավական լավ է՝ ոնց հասկանում եմ։ Կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետև որքան էլ այս աշխատանքները կարևոր են ու երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, դրանք բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում՝ խցանումների հետ կապված»։
Տարիներ շարունակ Երևանի կամրջային տնտեսությունը շահագործվել է առանց համակարգված սպասարկման։ Մասնագիտական այս գնահատականը հիմք ընդունելով՝ քաղաքային իշխանությունը սկսել է մայրաքաղաքի կամրջային բոլոր ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։
Քաղաքապետարանի և «Կամուրջշին» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է Երևանում շահագործվող կամուրջների համար կազմել տեխնիկական անձնագրեր, գնահատել դրանց տեխնիկական ու սեյսմիկ վիճակը։ Այդ հետազոտության արդյունքների հիման վրա կմշակվի կամուրջների ամրացման ճանապարհային քարտեզը։
Այս որոշման հիմքում մասնագիտական ահազանգերն են, ըստ որոնց՝ վերջին շրջանում արձանագրված փլուզման դեպքերը պատահական չեն։ Ուսումնասիրության համաձայն՝ քաղաքի կամրջային ենթակառուցվածքները մի քանի կրիտիկական խնդիր ունեն։
«Երթևեկելի մասի հիդրոմեկուսացման համատարած քայքայման պատճառով անձրևաջրերն ու հալոցքները քայքայել են բետոնը, իսկ կրող մետաղյա ամրանները՝ ենթարկել կոռոզիայի»։
Պաշտպանիչ շերտի բացակայության պատճառով հեղյուսային ու եռակցման միացումները ժանգոտել ու թուլացել են։ Հրազդանի ու Գետառի, ինչպես նաև տարբեր ջրանցքների վրայով անցնող կամուրջների հենապատերն ու ծածկերը ծայրահեղ քայքայված և վթարային վիճակում են»։
Երևանում պաշտոնապես շահագործվում է 120 կամրջային ենթակառուցվածք։ Այս թվի մեջ չեն մտնում երկաթուղու և մետրոյի վերգետնյա կամուրջները, ստորգետնյա անցումներն ու բնական հեղեղատարների վրայի թունելները, որոնք նույնպես առանձին ուսումնասիրության կարիք ունեն։
Ի դեպ, երկու տարի առաջ բարեկարգվեց «Հաղթանակ» կամուրջը, իսկ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը արդեն եղել է։




