
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հարցերի շրջանակը բավական լայն էր՝ տարածաշրջանային գործընթացներից մինչև տնտեսական մարտահրավերներ։ Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կարո՞ղ է վերածվել մշտականի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան չշտապեց կանխատեսումներ անելու՝ ընդգծելով, որ նման որոշման մասին առայժմ հայտարարություն չկա։
Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխելու համար հունիսի 12-ին տասը օրով բացվել է Մարգարայի կամուրջը։ Հայաստանի և Թուրքիայի տարածքն իրար կապող անցակետը կառավարության որոշմամբ բաց կլինի մինչև հունիսի 22-ը, որպեսզի Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռներն արագ և նվազ ծախսերով տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։
Սա վերջին տարիներին արդեն մի քանի անգամ կիրառված ժամանակավոր մեխանիզմ է։ Հնարավո՞ր է, որ Մարգարայի անցակետը «սահուն կերպով» էլ չփակվի ու բաց մնա՝ վարչապետից հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը․
«Հարցին չեմ կարող պատասխանել։ Դե քանի դեռ չի հայտարարվել բացման մասին, ուրեմն հնարավոր չէ։ Այսինքն՝ երբ հայտարարվի, որ բացվել է ու բացվել, ուրեմն բացվել է»։
Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Հայաստան այցը կարևորելով՝ Փաշինյանը շեշտեց, որ բանակցությունները տեղի են ունեցել հենց Հայաստանում․
«Այսինքն՝ մեր տարածաշրջանում և ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ, մասնավորապես՝ այն ռիսկերը, ինչի մասին երեկ ԱԺ ամբիոնից խոսեցի»։
«Ռադիոլուր»-ը վարչապետից նաև հետաքրքրվեց՝ Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների ֆոնին արդյոք դիտարկվում է Թուրքիա արտահանման ավելացման տարբերակը։ Դիտարկվում են բոլոր այլ ուղղություններով, այդ թվում՝ Թուրքիա արտահանելու հնարավորությունները՝ ասաց Փաշինյանը։ Վերջերս հայկական պատվիրակություն է մեկնել Կարս, որտեղ թուրք գործարարների հետ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել․
«Այսինքն, ենթադրում եմ, որ պետք է քննարկած լինեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։
Հեղինակավոր Financial Times պարբերականը գրել է, որ Եվրամիությունն արագացված ընթացակարգով աջակցության փաթեթ է նախապատրաստում Հայաստանի համար՝ մեղմելու Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների հետևանքները: Միջոցառումները, որոնք պետք է արժանանան ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հավանությանը, կընդգրկեն ռուսական սահմանափակումների տակ հայտնված մոտ 20 ապրանքատեսակի մեծ մասը։
Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, և ի՞նչ ապրանքատեսակների է վերաբերելու այդ փոխհատուցումը։ Փաշինյանը նախ նշեց՝ չի ցանկանում, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ լարվածություն առաջանա, քանի դեռ գործընթացներ կան։ Վարչապետը նաև գոհունակություն հայտնեց ԵՄ-ից՝ իրավիճակին արագ արձագանքելու համար և ֆինանսական օժանդակության առումով։ Դա թույլ կտա հասցեաբար աջակցել տնտեսվարողներին, ինչի վերաբերյալ կառավարությունը ևս արդեն ընդունել է առաջին որոշումները։ Կառավարությունը զուգահեռաբար աշխատում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ փորձելով նվազեցնել մեկ շուկայից կախվածությունը․
«Արդեն երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում՝ նրանց մեծ մասը նախկինում 0 արտահանում ենք ունեցել, 0 արտահանում, պատկերացնում եք։ Հիմա մենք արդեն ունենք խմբաքանակներ և ոչ միայն ունենք խմբաքանակներ, մենք արդեն ունենք պայմանագրեր, պայմանագրեր՝ մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար»։
Վարչապետը չափազանցություն չի համարում իր խոսքը, որ ամենամեծ խնդիրը լինելու է պայմանագրերով սահմանված ծավալների ապահովումը․
«Որովհետև այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը և պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել։ Եվ մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որպեսզի կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծել, այլև երկարաժամկետում իրենց ներկայությունը ապահովել այդ շուկաներում»։
Ռուսաստան արտահանման սահմանափակումների ֆոնին տնտեսվարողները բարձրաձայնում են մեկ այլ կարևոր խնդիր՝ վարկերի ծանր բեռը չեն կարող այս պահին սպասարկել։ Վարչապետը վստահեցնում է՝ մենակ չեն մնա. արդեն տնտեսվարողների վարկային պարտավորությունների մասով աջակցման ծրագիր է ընդունվել․
«Փաթեթ ընդունեցինք, ես էլ կառավարության նիստում հայտարարեցի՝ մենք հետազոտում ենք և վերլուծում ենք իրավիճակը, և եթե տեսնենք էլի ուրիշ տեղեր, որ նման որոշումներ անհրաժեշտ է կայացնել օբյեկտիվորեն, կկայացնենք»։
Ընդունված փաթեթը առայժմ 6 ամսվա օժանդակության համար է։ Փաշինյանը հույս ունի, որ երկարացնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ այդ ընթացքում կառավարությունը պայմաններ կստեղծի, որ տնտեսվարողները կարողանան հաստատվել նոր շուկաներում։ Նրա գնահատմամբ՝ կառավարության առաջնային նպատակը ոչ միայն ստեղծված խնդիրների հաղթահարումն է, այլև հայկական արտահանման աշխարհագրության երկարաժամկետ ընդլայնումը։




