
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների ցանկ դարձյալ ընդգրկել է Հայաստանը։ Հայկական կողմի ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս՝ եվրոպական երկնքում կանաչ լույսի իրավունք ստանալու համար, թեև այս տարվա «սև ցուցակ» ներառված ավիաընկերությունների թիվը կրճատվել է ավելի քան մեկ տասնյակով։
Մի քանի օր առաջ եվրոպական կառույցները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հերթական գնահատումն են կատարել։ Ըստ այդմ՝ Հայաստանը դեռ կմնա ԵՄ ավիացիոն անվտանգության, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Հայաստանն այդ ցուցակում է արդեն 6-րդ տարին անընդմեջ։ Հայկական ավիացիայում անվտանգությանն առնչվող խնդիրներ հայտնաբերվել էին դեռ 2019 թվականին։ Դրանից հետո Հայաստանը պարբերաբար ջանքեր է գործադրում ԵՄ երկնքում թռիչքի «կանաչ լույս» ստանալու համար։ Այդ ջանքերը, սակայն, դեռ արդյունք չեն տալիս։
Անցած տարի Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտ էր ներկայացրել Եվրամիությանը։ Մատնանշված մի շարք թերություններ վերացվել են։ 6 ամիս առաջ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում էր, որ 2025-ի վերջին Հայաստանին կհաջողվի դուրս գալ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից»։ Նա ասել էր, որ 5 ամսում արվել է այնպիսի աշխատանք, որը սովորաբար արվում է 1-1,5 տարում․
«Քաղավիացիայի կոմիտեն մեր գործընկեր այլ կառույցների հետ մեծ ծավալի աշխատանք է արել թերությունները շտկելու ուղղությամբ և արդեն 2024 թվականի տարեվերջին մենք հայտ ենք ուղարկել, որով նշել ենք, որ կազմակերպության նախանշած թերությունները ամբողջապես վերացված են։ Այս հարցը խիստ կարևոր է մեզ և մեր երկրի ավիափոխադրումների համար»։
Հակառակ այդ ամենին՝ այս տարի Հայաստանը կրկին հայտնվել է ԵՄ «սև ցուցակում»։ Այդ արգելքը վերաբերում է հայկական բոլոր ավիափոխադրողներին:
Հայաստանում ոլորտի պատասխանատուները դեռ 2024-ին պնդում էին, որ 41 խախտումներից 40-ը վերացված են։ Այսօր առկա բացթողումներից է որակավորված անձնակազմի պակասը և դրանից բխող խնդիրները: Եվրոպացիները, օրինակ, պահանջում են կոնկրետ թվով տեսուչների առկայություն՝ ըստ ավիաընկերությունների քանակի։ Հայաստանում այդ մասնագետների թիվը պահանջվածից պակաս է, իսկ դա, ըստ եվրոպացի մասնագետների, հանգեցնում է ոչ լիարժեք վերահսկողության։
Եվրոպական կարգավորող մարմինները խստորեն վերահսկում են, որ ԵՄ օդային տարածքում գործող փոխադրողները համապատասխանեն միջազգային անվտանգության, այդ թվում՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) չափանիշներին։
Այն երկրները, որ չեն կատարում պահանջները, զրկվում են եվրոպական երկնքում թռչելու իրավունքից։ Այս տարվա հունիսի 9-ի դրությամբ «սև ցուցակ» ընդգրկվել է 154 ավիաընկերություն։
Ի տարբերություն անցած տարվա՝ 2026-ին ցուցակ ներառված երկրների թիվը պակասել է մեկով, իսկ ավիաընկերություններինը՝15-ով։
Նոր ցուցակ ընդգրկված են աֆրիկյան և ասիական մի շարք երկրների ավիափոխադրողներ։
Բացի այդ՝ ցուցակում ավելացվել են Ռուսաստանում հավաստագրված 22 ավիափոխադրողներ։ Միևնույն ժամանակ Ղրղզստանում հավաստագրված բոլոր ավիափոխադրողները հանվել են «սև ցուցակից»։
Ցանկը թարմացնելիս հանձնաժողովը հիմնվում է ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի եզրակացությունների վրա։ Այդ կառույցի կազմ ներառված են ավիացիոն անվտանգության փորձագետներ, և այն գործում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ: Ցանկը կազմվում արդեն 20 տարի։
Ըստ կանոնակարգի՝ ավիափոխադրողը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն զրկվել թռիչքի իրավունքից, եթե չհամապատասխանի միջազգային անվտանգության չափանիշներին: Ավիաընկերությունները կարող են հայտնվել «սև ցուցակում», եթե լիազորված ավիացիոն անվտանգության վերահսկողության մարմինը չկատարի միջազգային պարտավորությունները։
ԵՄ ավիացիոն ցանկը թարմացնելու համար հստակ վերջնաժամկետ չկա․ այն վերանայվում է անհրաժեշտության դեպքում՝ կա՛մ հանձնաժողովի նախաձեռնությամբ, կա՛մ ԵՄ անդամ պետության խնդրանքով: Ավիացիոն անվտանգության կոմիտեն տարեկան սովորաբար երկու-երեք հանդիպում է կազմակերպում՝ քննարկելու հնարավոր փոփոխությունները։




