ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի  միջնորդությունը

2025 թվականի հունիսի 18-ին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։

Մասնավորապես, օրենքով սահմանվել է, որ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել և կանխարգելիչ միջոցներ կիրառել մինչ վարույթ հարուցելը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։ Այդ որոշումը վիճարկվում էր Ստոկհոլմի միջազգային տրիբունալում։  

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ-ի առանցքային միջնորդությունը: Ըստ կառավարության հաղորդագրության՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ ՀՀ-ի արբիտրաժային գործով:

«Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի կառավարության ներկայացրած բոլոր փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար»։

Հայաստանի ներկայացրած էական փաստարկներից մեկն այն է, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։

«Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները»:

Հայաստանի կառավարությունը կնախաձեռնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց՝ մայիսի 26-ին սոցցանցում գրել էր ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Այս պահին մենք գտնվում ենք արդեն, այսպես ասած, պետականացման գործընթացի հանգուցալուծման փուլում։ Մայիսի 25 լրացավ այն ժամկետը, որը վարչական դատարանն էր նաև սահմանել` ապահովման միջոց կիրառելով, ըստ որի սեփականատերերը պետք է պատասխանեին կառավարության առաջարկին` տեղի ունենար բանակցություններ, գործարք և կառավարության առաջարկած գնով օտարվեր բաժնետոմսերը 100, %-ով, բայց քանի որ գործարք տեղի չունեցավ և սեփականատերերի կողմից նախաձեռնողականություն, որպես այդպիսին չդիտվեց, թեպետ որոշակի գրագրություն կա, կարող եմ ձեզ ասել, որը հանրությանը հայտնի չէ, բայց արձանագրենք, որ գործարք տեղի չունեցավ և մայիսի 25-ից սկսած արդեն կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով աշխատում է, որպեսզի 100 % բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկային` կառավարության որոշման նախագծի վրա»։

Հայաստանի վարչապետը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվեցին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվեց, որ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչև վարույթ հարուցելը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։ 

Անցած տարի հուլիսի 1-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը։ Խոսքը ոչ թե նոր օրենքի, այլ գործող երկու՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին է։ Օրենսդրական փաթեթը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմությունը համոզված էր, որ գործընթացը քաղաքական է և ուղիղ կապ ունի Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունների ու դրանց հաջորդած իրադարձությունների հետ։ Իշխանությունն այդ գնահատականը չի ընդունում և հայտարարում է, որ ՀԷՑ-ի արդյունավետության շուրջ քննարկումներն ավելի շուտ էին սկսվել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ էր հարուցել։  

Անցյալ տարվա հուլիսի 23-ին Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։

Կառավարությունը ևս հաղորդագրություն տարածեց Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի  2025թ հուլիսի 22-ի վճռի վերաբերյալ․

«Հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:

Կառավարությունից նաև ընդգծել էին, որ հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

Կարդացեք նաև

Back to top button