Հայաստանում ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի ազդեցության, ցույց է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած Երեխաների կլիմայական ռիսկերի 2026 թվականի զեկույցը։
Ըստ դրա աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ շուրջ 1.1 միլիարդ երեխա, այսօր ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցությանը, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և անգամ կյանքը։
Զեկույցը հիմնված է վերջին հասանելի տվյալների վրա և քարտեզագրում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց բախվում են երեխաները: Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։
Առաջին անգամ զեկույցը հստակ ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ինտենսիվությամբ են բազմաթիվ և փոխկապակցված կլիմայական վտանգները ազդում երեխաների ու նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև մատնանշում է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել՝ այդ մարտահրավերներն հասցեագրելու համար։
Հայաստանում ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։
Մեր երկրում ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։
«Ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը` զեկույցի հրապարակման ժամանակ։ Ըստ նրա` աշխարհի երեխաների կեսն ապրում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի պայմաններում։
Զեկույցի համաձայն՝ կլիմայական վտանգների ամենատարածված համադրությունը երաշտն է, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները։ Ավելի քան 296 միլիոն երեխա ապրում է այնպիսի վայրերում, որտեղ այս երեք վտանգները միաժամանակ առկա են։
Երկրորդ ամենատարածված համադրությունը՝ երաշտը, ծայրահեղ շոգը և արևադարձային փոթորիկները, վտանգի տակ է դնում ավելի քան 115 միլիոն երեխայի ամբողջ աշխարհում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքներից ամենաշատ տուժած Աֆրիկայի Սահել տարածաշրջանում ավելի քան 4 միլիոն երեխա միաժամանակ բախվում է ջերմային ալիքների, ծայրահեղ շոգի և ավազի ու փոշու փոթորիկների ազդեցության։
Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, երեխաները միաժամանակ ենթարկվում են ավելի մեծ թվով կլիմայական ռիսկերի և ավելի բարձր ինտենսիվությամբ, քան աշխարհի որևէ այլ վայրում։
Բարձր եկամուտ ունեցող երկրները նույնպես պաշտպանված չեն համաժամանակյա կլիմայական ցնցումներից։ Օրինակ՝ Իտալիայում ավելի քան 6 միլիոն երեխա ենթարկվում է երկարատև ջերմային ալիքների և երաշտի ազդեցությանը։ Միևնույն ժամանակ Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ ներդրումները կարող են նվազեցնել երեխաների առջև ծառացած որոշ ռիսկեր, թեև կլիմայական ճգնաժամի խորացման պայմաններում անհրաժեշտ են ավելի վճռական գործողություններ։
Տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը ազդում է գրեթե բոլոր երեխաների վրա ամբողջ աշխարհում, մինչդեռ 1 միլիարդ երեխա ենթարկվում է մալարիայի վտանգին՝ հավելյալ ռիսկ ստեղծելով այն երեխաների համար, որոնք արդեն իսկ բախվում են բազմաթիվ կլիմայական վտանգների։
Երեխայի իրավունքները կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, գործարար շրջանակներին և մյուս գործընկերներին՝
- Նվազեցնել արտանետումները և ձեռնարկել հավակնոտ քայլեր՝ ստանձնած միջազգային պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ առաջնորդվելով արդիական գիտահեն ապացույցներով: Սա ներառում է հանածո վառելիքից արագ և փուլային հրաժարումը, ինչպես նաև արդար անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
- Պաշտպանել երեխաներին ներառական կլիմայական հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման և կորուստներին ու վնասներին արձագանքման միջոցով՝ առաջնահերթություն տալով սոցիալական ծառայությունների դիմակայունությանը։ Անհրաժեշտ է ապահովել, որ երեխաների և նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները ներառվեն ազգային հարմարվողականության ծրագրերում, ոլորտային ռազմավարություններում, աղետների ռիսկի կառավարման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերում։ Սա ենթադրում է, օրինակ, անվտանգ և կանաչ կրթական միջավայրերի ստեղծում, կլիմայական ազդեցությունների նկատմամբ դիմակայուն առողջապահական ծառայությունների զարգացում, երեխաների պարենային անվտանգության ապահովում, բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի ներդրում, որոնք արդյունավետ կպաշտպանեն երեխաներին և հասանելի կդարձնեն նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդում։
- Ընդլայնել երեխաների և երիտասարդների բովանդակային մասնակցությունը կլիմայական որոշումներում և գործողություններում՝ ներդրումներ կատարելով կլիմայական կրթության, գիտելիքի և հմտությունների զարգացման մեջ, ինչպես նաև ամրապնդելով որոշում կայացնողների և մասնագետների կարողությունները՝ հարգելու երեխաների՝ լսված լինելու, կարծիք արտահայտելու և իրենց կյանքին առնչվող որոշումներին մասնակցելու իրավունքները։




