
2025 թվականին ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը: Հաշվետու շրջանում հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, չեզոքին մոտ` խորհրդարանական հանձնաժողովում հատնել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2025 թվականին աճել են կապիտալ ծախսերը՝ հասնելով ՀՆԱ-ում 6,2 %-ի: Ծախսերը հիմնականում ուղղված են եղել մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Անդրադառնալով ՀՆԱ-ի համեմատությամբ պարտքի նվազմանը՝ զեկուցողը նշել է, որ այն կազմում է 47,3 %՝ 2024 թվականի 48 %–ի համեմատ:
Տնտեսական աճի կայուն տեմպեր ԱՄՆ–ում ու Չինաստանում, դանդաղում եվրագոտում, տնտեսական աճի անկում ՌԴ–ում։ Ֆինանսների նախարարությունում ամփոփում են այս տարվա առաջին եռամսյակի համաշխարհային տնտեսական միտումները։ Գնաճն արագանում է ամբողջ աշխարհում։ ԵԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է, գնաճի հետ կապված ռիսկեր կան ամբողջ աշխարհում։ Եվրոպական կենտրոնական բանկը, հունիսյան նիստի արդյունքներով, 25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները։ Որոշումը լիովին համընկել է վերլուծաբանների և ֆինանսական շուկաների սպասումներին։ Սա ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքների առաջին բարձրացումն է՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր․
«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը լրացուցիչ գնաճային ճնշում է ստեղծում։ Մերձավոր Արևելքի պատերազմը նպաստում է գնաճի ցուցանիշի աճին, և տոկոսադրույքների բարձրացման որոշումը լիովին համապատասխանում է այն տարբեր սցենարներին, որոնցով այս շոկը կարող է ազդել եվրագոտու միջնաժամկետ կանխատեսումների վրա»։
Հայաստանի տնտեսության վրա ազդեցության թվային տվյալներ դեռ չկան։ Հստակ է, որ գնաճն անհանգստացնող է ամբողջ աշխարհում, ասում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․
«Գնաճի արագացում և դրամավարկային զսպող դիրքի պահպանում ունենք ։ Գնաճը մայիսին ԱՄՆ–ում 4,2 % է։ Եվրագոտում` 3,2 %, Չինաստանում` 1,2 %։ Ռուսաստանի Դաշնությունում դանդաղել է` հասնելով 5,3 %–ի։ Հիմնական ապրանքների գները առաջին եռամսյակում աճել են։ Նավթի գինը աճել է 6,4 %–ով ՝ կազմելով 81 դոլար մեկ բարելի դիմաց, բայց մայիսին արդեն այն կազմում է 108 դոլար, այսինքն՝ 67,5 %–ով է աճել։ Պղնձի գինը աճել է 37,2 %–ով կազմելով 12․830 դոլար, բայց մայիսին արդեն կազմել է 13․540 դոլար»։
Պարենի համաշխարհային շուկայում ևս գները բարձրացել են։ Դրանք աճում են մի քանի ամիս անընդմեջ։ ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ գնաճի պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն է, որն ավելի է սրել համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրներն ու բարձրացրել պարարտանյութերի արժեքը։ Ըստ կազմակերպության պարենային գների ինդեքսի, որը հետևում է միջազգային շուկայում վաճառվող հիմնական ապրանքախմբերի զամբյուղին, թանկացել են հացահատիկը, բուսայուղն ու միսը, մինչդեռ կաթնամթերքի և շաքարավազի գները նվազել են։ Գնաճը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական անորոշություններով՝ արձանագրում է փորձագետը։ Իսկ Հայաստանում սննդամթերքի գների աճը մի քանի գործոնով է պայմանավորված՝ ասում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․
«Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման ծավալը աճել է, ուստի համաշխարհային գների փոփոխությունները արագ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայի վրա, զուգահեռ աճել են նաև գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը»։
Արդեն մայիսին 12-ամսյա գնաճը գնահատվում էր 4 %–ի շրջակայքում։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է, որ դա բարձր է նշված թիրախից․
«Մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, աշխարհում ստեղծված գնաճային իրավիճակը բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործն այս պահի դրությամբ լինելու է հասկանալը, թե գնաճը, որ հիմա ունենք՝ 5,3 ու ավելի վերև է գնալու, պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով, ու կարելի է սպասել, որոշակի ազդակ չտալ, կամ եթե կան որոշակի պահանջարկի գործոններ, մենք պետք է որոշակի արձագանք ունենանք»։
Եռամսյակային տվյալներով՝ ցուցանիշներն ավելի հուսադրող են։ Առաջին եռամսյակում աճ արձանագրվել է ներմուծման ու արտահանման ցուցանիշներում։ Ցածր է կապիտալ ծախսերի կատարողականը։ Սա էլ բացատրություն ունի․ Պաշտպանության նախարարության որոշ կապիտալ ծախսեր առաջին եռամսյակում հետաձգվել են։ Բացի այդ՝ եղանակային պայմանների պատճառով էլ ճանապարհաշինական աշխատանքներն են հետաձգվել։




