
Տարվա առատ տեղումների հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է ոչ միայն գետերում, այլև ջրամբարներում։ Ախուրյանի ջրամբարը հասել է իր լիակատար լցվածությանը և պարբերաբար բեռնաթափվում է ջրանցքների ու հեղեղատարների միջոցով։ Ջրի անտեղի կորստից խուսափելու և հավելյալ ջրերն ամբարելու նպատակով տարիներ առաջ նախատեսվել էր «Մաստարա» հեղեղատարի վրա ջրամբար կառուցել։ Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները հետաձգվում են։
Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների գյուղերում հողերի ոռոգման հիմնական աղբյուրը Ախուրյանի ջրամբարն է։ Վերջին տարիներին այդ գյուղերում ոռոգման ջրի խնդիր չի եղել։ Նոր Արմավիր գյուղից Մարգարիտա Հարությունյանի ընտանիքը շուրջ 4 հեկտար հող է մշակում։ Կանոնավոր ոռոգման ջրի շնորհիվ վերջին տարիներին ընդլայնել են մշակվող հողատարածքները՝ ասում է հողատերը։

«Մեր հողերը ջրատարի մոտ են, կպած ենք այդ առուներին։ Ոռոգման ջուր կա, բոլորին էլ բավարարում է»։
«Թալին» և «Արմավիր» ջրանցքներով վերջին երկու տարում Ախուրյանի ջրամբարի ջուրը, ըստ պահանջի, բաշխվում է հող մշակողներին։ Այս տարի ևս համայնքներում ոռոգման ջրի պակաս չի կանխատեսվում։ Տեղումների շնորհիվ Ախուրյանի ջրամբարը լիովին լցված է՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Տեղումներով պայմանավորված՝ մենք հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում ունենք լցվածության բարձր աստիճան։ Տեղեր կան, որ ծավալից դուրս արդեն ջրի բացթողումներ ենք իրականացրել»։
Ախուրյանի ջրամբարի տարողությունը 525 միլիոն խորանարդ մետր է։ Հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով ջրամբարը պարբերաբար բեռնաթափվում է՝ ջրի հոսքն ուղղելով ջրանցքներ ու հեղեղատարներ։ «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը վստահեցնում է, որ բոլոր ջրամբարները վերահսկվում են, իսկ ջրի հոսքերը՝ կառավարվում։

«Այս երկու ամսվա ընթացքում ինչքան տեղումներ որ եղել են, օպերատիվ աշխատանքի արդյունքում դեռևս հնարավոր է եղել կանխարգելել ռիսկերը։ Համագործակցում ենք նաև փրկարար ծառայության մեր գործընկերների հետ, նրանց կանխավ զգուշացնում ենք, որ հնարավոր է դեպքեր լինեն, բայց, դեռևս, բացառությամբ մեկ-երկու փոքր դեպքերի, չունենք վարարումներ, որ ջրերն ափերից դուրս գան»։
Արմավիրի ջրանցքով նմանատիպ բեռնաթափումներ իրականացվում են գրեթե ամեն տարի։ Հաճախ դրանք ուղղվում են «Մաստարա» հեղեղատար։ Այս մասին ասում է «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը։

«Քանի որ մեր վերևում է Արագածոտնի մարզը, եղել են դեպքեր, որ Արագածոտնից ջուրը եկել, լցվել է մեր մայր ջրամցքը, որով տարել ենք ու «Սելավ Մաստարայով» բեռնաթափել։ Ամեն տարի անձրևների ժամանակ այդպես լինում է, դա մեր առօրյա աշխատանքն է»։
Ջրային ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով դեռ տասը տարի առաջ կառավարությունը նախատեսել էր «Մաստարա» հեղեղատարի վրա ջրամբար կառուցել։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանի խոսքով՝ այդ աշխատանքների համար դեռևս ֆինանսական միջոցներ չկան։

««Սելավ-Մաստարա» ջրամբարի կառուցման նպատակով մենք դիտարկել ենք ամենաներքևի ջրամբարը։ Արդեն ուսումնասիրել ենք, և ներկայում դոնորների հետ աշխատանքներ են տարվում՝ համապատասխան ֆինանսների ներգրավման ու աշխատանքների իրականացման համար։ Դա կասկադ է լինելու, դրանից վերև նույնպես ջրամբարներ են լինելու, այդ ընթացակարգով արդեն կդիտարկենք մնացածի նախագծումն ու կառուցումը։ Դրանք մեր առաջիկա ծրագրերի մեջ են»։
«Մաստարա» հեղեղատարը մաքրման կարիք ունի։ Որոշ հատվածներ մաքրվել են համայնքների ուժերով, վերականգնվել են վնասված և վթարավտանգ հատվածները։ Նախատեսվում էր վերականգնել նաև «Մեծամոր» հեղեղատարը, սակայն գետերի և հեղեղատարների մաքրման համար անհրաժեշտ ֆինանսավորում դեռ չի հատկացվել՝ ասում է Կարեն Դաղբաշյանը։
«Բյուջեից մենք 2026 թվականին ունեցել ենք գումար «Գավառագետի» մաքրման համար, այլ գումարներ չենք ունեցել։ Բոլոր աշխատանքները ուսումնասիրվել են, որոշ աշխատանքներ նախագծվել ու պատրաստ են շինարարությանը։ Համապատասխան գումարի դեպքում մենք պատրաստ ենք աշխատանքները կատարելու»։
Պատասխանատուների գնահատմամբ՝ «Սելավ-Մաստարա» ջրամբարի կառուցման դեպքում հնարավոր կլինի ամբարել Ախուրյանի ջրամբարի բեռնաթափման ընթացքում բաց թողնվող հավելյալ ջրերը և ընդլայնել ոռոգվող հողատարածքները Արագածոտնի ու Արմավիրի մարզերում։




