ՀարցուԳԻՏԱփորձ

«Մի կյանք ենք ապրում»․ բարոյական նորմերը հավե՞րժ են, թե՞ փոփոխական․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Երբ ես երիտասարդ էի, «ես» չկար։ «Մենք» կար։ Հիմա լրիվ հակառակն է, «մենք» չկա։ Հիմա «ես» եմ։ Ես եմ ամենակարևորը, ես արժանի եմ, ես պիտի ունենամ, ես պիտի վայելեմ»։

«Առաջ ամեն ինչ ուրիշ էր» նախադասությունը կարելի է ասել ինչ հնչերանգով ասեք։ Տոնայնությունը հիմնականում փոխվում է տարիքային որոշակի շեմից այս ու այն կողմ։ Միջին տարիքից բարձր սերունդը այս բառերի համար մի տեսակ խորհրդավոր-ափսոսանքային հնչերանգ ունի, ավելի երիտասարդները՝ հանդուգն-ինքնապաշտպանական։

«Հիմա աշխարհը գնում է էն ուղղությամբ, որ ուզում է մարդը մեղք գործի և դրա համար խղճի խայթ չզգա, ամոթ չզգա, ուզում է մեղք գործի և ոչ էլ անդրադարձ ունենա, որ մեղք է գործել, և ես ասում եմ, որ էստեղ մենք ձևավորում ենք մեզ համար հարմարավետ հավատք, հանգիստ ենք․«ինչ ուզեմ՝ կանեմ, բայց էդ խղճի խայթը, մեղքի զգացումը չեմ ունենա»»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ինչպե՞ս են փոխվում բարոյական նորմերը տարիների ընթացքում։

***

Կյանքն ավելի հեշտ ու թեթև դարձնելու հարյուրավոր տարբերակներ կան, և մարդկությունը գտել է դրանցից (առաջին հայացքից) ամենաարդյունավետն ու պակաս խնդրահարույթը․ բավական է ինքներ մեզ ու շրջապատին հիշեցնենք, որ մի կյանք ենք ապրում, որ ժամանակները փոխվել են ու նոր կյանքը նոր կանոններ է պարտադրում, որ այն, ինչ խնդիր ու մեղք էր առաջ, բնականոն կենսակերպ ու ողջ մնալու միակ տարբերակ է այս նոր աշխարհում և վարքը կդադարի կաշկանդվել, մեղքերը կդառնան ավելի հեռու, խիղճը՝ պակաս տանջող։ Նոր կյանք-նոր կանոններ բանաձևով առաջնորդվողների համար ինքնաարդարացման ճանապարհներ գտնելն ավելի հեշտ է, իսկ մեղավորության զգացման բացակայությունը կյանքին բոլորովին այլ թեթևություն է հաղորդում։

Բայց արդյո՞ք ժամանակի ընթացքում փոխվում է ամեն ինչ, այդ թվում՝ բարոյականության ընդունելի նորմերը, ինչպիսի՞ն է ժամանակակից մարդու վերաբերմունքը «չի կարելի»-ներին, ո՞վ և ինչո՞ւ է սահմանում, ըստ ինչի՞ է ձևափոխում ու ո՞ւմ կյանքին է հարմարեցնում դրանք։ Ոչինչ էլ առաջվանը չէ՞․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մարդկությունը ապրել է ուժի օրենքներով․ երկար հազարամյակներ ուժեղի մոտ միշտ թույլն էր մեղավոր։ 17-րդ դարի վերջերից սկսած եղբայրության, հավասարության գաղափարները եկան առաջ, ազատության, ֆրանսիական հեղափոխության գաղափարները, որոնք բերեցին էսօրվա մեր աշխարհակերպին, աշխարհամտածողությանը։ Վերջին 30-40 տարի ու գագաթնակետը (ուզեմ-չուզեմ պիտի քաղաքականություն մտնեմ) պարոն Թրամփի արտահայտությունն էր, ըստ որի՝ իր համար օրենքները նշանակություն չունեն, իր բարոյականությունն է իրեն թելադրում՝ ի՞նչ անի։ Էս արդեն գլոբալիզմի գագաթնակետ էր, որտեղ որ պայթում է աշխարհը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջազգային օրենքները մերժելու ու միայն սեփական բարոյականությամբ առաջնորդվելու որոշումը բարոյականության մասին ընկալումների, դրանց ստեղծման ու փոփոխության մասին խոսակցության առանցքը կարող է լինել․ հենց դա էլ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հոգեոցիալական կարգավորման կենտրոնի գիտական գծով ղեկավար Սամվել Սուքիասյանի հետ զրույցում ընդունում ենք որպես մեկնարկային կետ։ Ասում է՝ մինչև բոլորովին վերջերս աշխարհը ընդունում էր մարդկության՝ խիստ բազմազան լինելու փաստը ու խաղում էր սահմանված կանոններով, որոնք ընդհանուր էին բոլորի համար։ Հիմա ստացվում է, որ ինչ-որ մեկի, մասնավորապես՝ ուժեղի սահմանած կանոնները պետք է ընդունելի համարվեն բոլորի համար։ Ըստ Սամվել Սուքիասյանի՝ այսօր բոլորիս մեջ ապրում է մի փոքրիկ Թրամփ, որն ասում է՝ դու իրավունք ունես սահմանելու բարոյականության նորմեր ու ուրիշներին դատելու ըստ դրանց․

«Մենք լինելով ուլտասոցիալիզացված հասարակություն, իջել, նախնադարի օրենքներով ենք ապրում ու ի՞նչ եք ուզում լինի աշխարհի վերջը։ Էս ամեն ինչը տարածվում է ամեն մեկիս վրա և ամեն մեկս մեր տեղում սկսում ենք ասել` դու սխալ ես ապրում, դու արժանի ես, դու պիտի ունենաս, պիտի վայելես, պիտի ամեն ինչ, աշխարհը քոնն է, մի անգամ ես ապրում»։

Այսօր ամեն մարդ իր մշակութային պղպջակում նստած բղավում է մեկ այլ պղպջակում գտնվողին, թե նա սխալ է ապրում։ Այսպես, օրինակ, կրթությունը, կարիերան, անձնային աճի ճանապարհը առաջնային համարողները որոշում են ամոթանք տալ, օրինակ, մարդկանց, որոնք որոշել են ամուսանացնել իրենց երեխաներին ամենաուշը 15 տարեկան հասակում։ Այսպես անել չի կարելի՝ ասում է Սամվել Սուքիասյանը։ Նրանք իրենց կանոններն ու բարոյականության կոդեքսը ունեն, ընդունենք բազմազանությունը։ Բայց նա նաև կարծում է, որ այդ բազմազանության ձգտումը պետք է զիջի ներհամայնքային կյանքում․ մեր զրույցի մի հատված՝ առանց մեկնաբանության․

— Նույն բազմակնության օրինակով․․․կան երկրներ, կան հասարակություններ, մշակույթներ, որտեղ դա նորմալ է։ Մենք հիմա ասում ենք` մի խառնվեք, նորմալ է, թող ապրեն։ Բայց երբ, օրինակ, իմ հարևանը որոշի մի չորս-հինգ կին ունենալ, ես հավանաբար կխառնվեմ․․․
— Խառնվեք, միանշանակ։
— Էստեղ ինչ-որ երկակի ստանդարտ չկա՞։ Ինչի՞ ենք մենք մարդուն ասում՝ չէ, դու այ էս շրջանակի մեջ եղի, իսկ ուրիշ մարդկանց․․․
— Նա ուրիշ արժեքների կրող է։ Նրանց կրոնը, հավատը, նրանց պատմությունը, դա իրենց, կոպիտ ասած, արյան մեջ է մտցնում։ Մարդիկ այլ կերպ չեն պատկերացնում` դա է իրանց իրականությունը։
— Չէ՞ որ մեր հասարակության մեջ էլ ենք մենք տարբեր։ Ես և իմ հարևանը տարբեր ենք։
— Հա, բայց մենք ընդհանուր արժեքների կրող ենք (եթե մնացել է էդ արժեքները)։ Ես տեսնում եմ, որ իմ արժեքները չի համընկնում էսօրվա թելադրանքի հետ։ Եթե ես ուժեղ մարդ եմ, եթե ես կայուն մարդ եմ, եթե ես ինչ֊որ աստվածներ եմ իմ մեջ կրում-պահում, ես կողմնորոշվում եմ իմ էդ արժեքներով։

Հավատարիմ մնացեք բարոյական նորմերին՝ հորդորում է հոգեբանը։ Իսկ որո՞նք են դրանք՝ հարցնում ենք հոգևորականին։

«Գուցեև շատ պարադոքսալ բան ասեմ, բայց առաջընթացը միշտ լավ է, եթե նույնիսկ երբեմն կարող ես գնալ էնտեղ, որտեղ պետք չէ, որ գնաս։ Էս առումով ես նույնիսկ չեմ էլ ուզի քննարկել առաջընթացի լավ կամ վատ լինել»։

Տեր Եսայի քահանա Արթենյանի դիրքորոշումը հստակ է՝ մարդիկ տարբեր են և իրենց տարբերությունը դրսևորելու հնարավորություն պիտի ունենա, ընդհանուր «մենք»-ի մեջ առանձին «ես»-երը պետք է դրսևորվեն լիակատար ազատության մեջ, չպիտի կաշկանդվեն սերդեսերունդ փոխանցվող հորինված, երբեմն՝ կյանքի որակը փչացնող արժեքներով և այլոց սպասելիքներին համապատասխանելու մոլուցքով։ Բայց այս բառերը բնավ ամենաթողության մասին չեն։ Առանցքային կետն այն է, որ բարոյականության սանդղակը ամեն մարդու ներսում պիտի լինի և պիտի ծառայի կոնկրետ մեկ մարդու՝ հենց իր վարքը կարգավորելուն․

«Հիմա ես կարող է էդ ձևով չեմ ապրում, կամ էս արժեքներով չեմ ապրում, ինչպես դիմացինը, ես էլ ապրում եմ իմ արժեքներով կամ ուրիշ կերպ եմ ապրում։ Էստեղ խնդիրը էն չի՝ ո՞վ է ճիշտ, էստեղ խնդիրն էն է, թե ինչքանով մարդը պատասխանատվություն է վերցնում իր արածի համար։ Յուրաքանչյուրս էլ մեր սահմանները գծում ենք, եթե ունենք պատասխանատվություն։ Բնական է, ես իբրև հոգևորական հասարակության մեջ, մարդկային հարաբերությունների մեջ չեմ կարող ինձ թույլ տալ այն, ինչ էդ պահին իմ խելքին կփչի կամ ինչ ես կուզեմ անել։ Բնականաբար ես հասկանում եմ, որ մարդիկ ինձ նայում են։ Մարդկանց համար ես կարող եմ դառնալ օրինակ, կարող եմ դառնալ գայթակղության առիթ, հետևաբար, երբեք չեմ մոռանում, որ ես հոգևորական եմ, բայց դա ինձ չի զրկում իմ ազատությունից։ Այո, ես ինձ կարող եմ զուսպ պահել, կարող եմ ինձ ավելի կոռեկտ պահել, բառերը ընտրել, խոսքը ավելի կշռադատել և այլն։ Բայց դա չեմ անում, որ դիմացին դուր գամ։ Ես դա անում եմ, որովհետև ես հարգում եմ իմ հանգամանքը, ես սիրում եմ իմ հանգամանքը և, բնականաբար, էդ սահմանները ես ինքս եմ գծում, ես երբեք չեմ թույլ տա դիմացինը ինձ համար սահմաններ գծի»։

Հարևանի և հասարակության կարծիքով առաջնորդվող, առաջին հայացքից ազգային-ավանդական արժեքները ատամներով պահող մի շարք ընտանիքներ դժբախտ են․ քահանան այսպիսի դեպքեր շատ է տեսել, ավելի մեծ աբսուրդ՝ ոչ։ Գերի լինելը լավ չէ․ հատկապես, եթե որոշել եք ինքնակամ գերի լինել հասարակության կարծիքին։ Իսկ ինչպես համոզված լինել, որ մենք ինքներս մեզ համար արդար դատավոր ենք։ Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է՝ ընդամենը մի փնտրեք արդարացումներ․

«Ամենամեծ խնդիրն է, երբ որ մենք առհասարակ կյանքում և առավել ևս մեղքի պարագային գործում ենք սխալ և սկսում ենք արդարանալ։ Տենց չի կարելի։ Երբ մարդիկ իրար հետ շփվում են և մեկը մյուսին վիրավորում է, վնասում է, ստում է, որևէ սխալ է թույլ տվել, միանգամից արդարանում ենք։ Ինչո՞ւ եք արդարանում։ Պետք չի արդարանալ։ Արդար պետք է լինել ուղղակի։ Եթե մեղավոր ես, աշխարհի վերջը չէ։ Աստված մեզ տալիս է հնարավորություն՝ էդ մեղքերը շտկելու․ոչ թե արդարանալու, այլ սխալդ շտկելու։ Էս է ամենակարևորը։ Իսկ մենք շատ հաճախ արդարանում ենք, որովհետև չենք ուզում մեր սխալը շտկել, մենք էդքան քաջություն չունենք մեր սխալը ընդունելու, դրա համար ենք արդարանում։ Սա ամենամեծ խնդիրն է, ասում եմ` մարդկային հարաբերությունից սկսած մարդ և Աստված հարաբերություններ դուրս եկած։ Սա ամենամեծ խնդիրն է»։

Աշխարհիկացման այս ժամանակներում ամեն ինչ թույլատրելի է դարձել․ մերկությունը ոչ թե մերկություն, այլ նորաձևություն է, սուտը ոչ թե սուտ՝ այլ բիզնես ռազմավարություն, դավաճանությունը ոչ թե դավաճանություն, այլ՝ «մի կյանք ենք ապրում» մտքի շարունակություն։ Աշխարհը կարող է փոխվել ու թելադրել նոր կանոններ, նոր բարոյական նորմեր՝ ասում է քահանան։ Եվ հենց դրա համար պետք չէ այդ նորմերի ցանկը վստահել աշխարհին ու ժամանակներին։ Բարոյականությունը ներքին գործընթաց է, որը պահանջում է ներքին երկխոսություն, ներքին ենթարկվող, ներքին դատավոր։

«Մենք»-ն ավելի կարևոր է, փորձեք ամուր պահել խմբային բարոյական նորմերը՝ ասում է հոգեբանը։ «Ես»-ը կարևոր է, աշխարհին ձեր ներքին հարցերին մի խառեք՝ ասում է հոգևորականը։ Որն էլ ընտրեք ստացվելու է կյանքը, որում, ըստ զրուցակիցներից, շատ հիմնավոր մի կանոն կա․ ձեր վարքի համար պատասխանատուն ոչ թե համայնքը կամ Աստվածաշնչյան տողերն են, այլ դուք։

Կարդացեք նաև

Back to top button